Մարդիկ մտադիր չեն այստեղից հեռանալ, մենք Արցախը հայկական ենք պահելու. Նարինե Աղաբալյան

31 Մայիսի 2023, 15:51

Կարծիք

Արցախում մարդիկ չեն ընտելացել այս վիճակին ու եթե դանակը հասնի ոսկորին, արժանի հակահարված են տալու, իրականում մենք արդեն մոտենում ենք կարմիեւ գծին, բայց կարծում եմ՝համախմբվելու են, պայքարեն ու չեն թողնելու, որպեսզի որեւէ մեկի ստորագրությամբ Արցախի համար որոշված վճիռը կյանքի կոչվի: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի անդամ Նարինե Աղաբալյանը:

«1988-ին մենք ավելի համախմված էինք, կարողանում էինք արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած քայլի, իսկ հիմա համախմբվածության առումով խնդիր ունենք ու դժվար է դիմակայել այդ մարտահրավերներին:

Այնուամենայնիվ, այսօր Արցախում 120 000 հայ է ապրում՝ կռիվ տալով այդ մարտահրավերների դեմ, Ալիեւեւի հոխորտանքի ու Հայաստանի իշխանությունների ազգադավ քաղաքականությանը պատասխանելով իր կենսասիրությամբ ու Արցախը հայկական պահելու վճռականությամբ»,- ասել է Նարինե Աղաբալյանը:

Աղաբալյանը նշել է, որ Արցախում մարդիկ իրենց առօրյա հոգսերով են զբաղված, բայց Արցախից հրաժարվելու մտադրություն չունեն:

«Երբ գյուղեր ենք այցելում, ոգեշնչվում ենք նրանցից, հասկանում ենք, որ այս փորձությունից էլ ենք դուրս գալու, իսկ երբ վերադառնում ենք եւ հետեւում լրահոսին, հիասթափությունը մեծ է լինում»,- ասել է Նարինե Աղաբալյանն ու հավելել, որ Արցախի նկատմամբ անտարբերություն է նկատել, ինչը նույնպես հիասթափեցնող է:

Իսկ Արցախում հոգեւոր աջակցության կարիք ունեն:

«Եթե յուրաքանչյուր հայ մտքով լինի Արցախում ծնված երեխայի, երկկողմանի շրջափակված ապրող գյուղացու, թշնամու կրակի տակ իր այգին մշակող արցախցու հետ, ապա վստահ եմ՝ կհասկանա, որ զոհասեղանին դրված է 120 հազար հայի ճակատագիրն ու կհասկանա, թե ինչ պետք է անել:

Տեսեք, օրինակ, անձրեւի տակ աշակերտների պարը մեծ տարածում գտավ համացանցում, սա նշանակում է, որ Արցախն ապրում է, պայքարում է, եւ դա պետք է ամեն պահի ցույց տալ, ստիպել Արցախից հրաժարվող մարդկանց մեզ հետ պայքարել:

Մարդիկ մտադիր չեն այստեղից հեռանալ, մենք Արցախը հայկական ենք պահելու»,- ասել է Նարինե Աղաբալյանը: