Հազարավոր մարդկանց «սրտի բժիշկը»․ Բագրատ Ալեքյան

16 Ապրիլի 2024, 20:35

Հայեր

Հայտնի հայազգի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը ապրիլի 15-ին նշել է 73-ամյակը։

Ավելի քան չորս տասնամյակից ավելի Ռուսաստանում մեծ ճանաչման արժանացած բժիշկ Բագրատ Ալեքյանը ծնվել է 1951 թվականին, Երևանում: Նա հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Ալեքյանի որդին է:

1974 թվականին ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնում: 1992 թվականից զբաղեցնում է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականիցՙ ՌԴ սրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահ, ՌԴ առողջապահության նախարարության և ՌԲԳԱ նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահ, 2002 թվականիցՙ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի եւ անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար:

Բագրատ Ալեքյանի բազմաթիվ գիտական աշխատանքները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին:

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայությունը կրում է Բագրատ Ալեքյանի անունը:

Նրան իրենց սիրտն են վստահում ռուսաստանցի բազմաթիվ հայտնի մարդիկՙ հասարակական-քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի, շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Տարիներ առաջ, երբ սրտաբանը նշում էր 70-ամյակը, ռուսական «Առաջին ալիք»-ը ռեպորտաժ է պատրաստել հայազգի ականավոր սրտային վիրաբույժ մասին։

«Հենց նրա շնորհիվ Ռուսաստանում սկսեց զարգանալ ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշումը՝ գերժամանակակից մեթոդ, երբ միջամտությունն իրականացվում է առանց կտրվածքների և հիմնականում առանց ընդհանուր անզգայացման։ Հիվանդից հիվանդ, սրտից սիրտ: Օրական միջինը 5-6 վիրահատություն: Մենք սովոր ենք հետյալ արտահայտությանը՝ «բժշկությունը տեղում չի կանգնում», բայց այն առաջ է շարժվում ոչ թե ինքնուրույն, այլ այնպիսի բժիշկների շնորհիվ, ինչպիսին պրոֆեսոր Բագրատ Ալեքյանն է։ Տասնյակ վիրահատություններ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում, արվել են այդ ձեռքերով», — ասվում է «Առաջին ալիք»-ի ռեպորտաժում։

Ճանաչված բժիշկ լինելուց զատ՝ նա նաև հայ-ռուսական բարեկամության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման, սերտացման մեծ ջատագով է։ Բագրատ Ալեքյանը պարբերաբար իր ռուս գործընկերների հետ գալիս է Հայաստան, անհետաձգելի վիրահատություններ կատարում, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերում իր հայրենակիցներին: