Ոստիկանի ներկայացրած բոլոր պահանջները չէ, որ պետք է համարվեն օրինական․ Վահե Գրիգորյան

25 Ապրիլի 2024, 23:15

Քաղաքականություն

Ոստիկանները չարաշահում են «օրենքի պահանջ» տերմինի կիրառումը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը։

«Ոստիկանները չարաշահում են «օրենքի պահանջ» տերմինի կիրառումը, և ցանկացած պահանջ ներկայացնում են որպես օրինական պահանջ։ Օրինակ՝ ճանապարհն ազատելու վերաբերյալ օրինական պահանջն ունի մի շարք հիմքեր և հիմնավորումներ։ Եթե հավաքը եղել է նախապես հայտարարված կամ ինքնաբուխ է, ապա այդ պարագայում, ըստ իս, միանշանակ է, որ չի կարող հնչել ճանապարհը ազատելու օրինական պահանջ։ Այդ պահանջն ինքնին օրինական չէ»,- ասաց Գրիգորյանը։

Մասնագետն ընդգծեց՝ յուրաքանչյուր պահանջ պետք է ուսումնասիրվի, որպեսզի պարզ լինի, թե ոստիկանության կողմից ներկայացված պահանջն արդյոք օրինական է, թե ոչ։

«Անգամ եթե ենթադրյալ օրինական պահանջը իրականում օրինական է, ապա դրա կատարման համար պետք է տրվի ողջամիտ ժամանակահատված։ Մենք հաճախ հանդիպում ենք ու տեսնում, որ անգամ առանց օրինական պահանջ հնչեցնելու, սկսվում են վարչական ձերբակալություններ։ Ամեն դեպք յուրահատուկ պետք է ուսումնասիրվի, որպեսզի պարզ լինի, թե ոստիկանության կողմից ներկայացված պահանջն արդյոք օրինական է և իրավաչափ, թե ոչ։ Միանշանակ ցանկացած պահանջ չի կարող ինքնին դիտարկվել որպես օրինական, և ոստիկանի կողմից ներկայացված բոլոր պահանջները չէ, որ ինքնին պետք է համարվեն օրինական պահանջ»,- եզրափակեց Գրիգորյանը։