«Սեր Արցախ» նախագիծն արդեն մեկ տարի իրականացվում է Արցախում՝ նույնիսկ շրջափակման պայմաններում

02 Հունիսի 2023, 08:45

Հայեր

Երեկ՝ հունիսի 1-ին, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամն իր հերթական ծրագրի՝ «Սեր Արցախ» բարեգործական նախագծի շրջանակներում, նվեր֊տուփեր է տրամադրել բոլոր այն նորածիններին, ովքեր այսօր գտնվում են Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանն ասել է, որ օրվա ընթացքում վեց նվեր-տուփեր են բաժանել ծննդկաններին։

«Ծրագրի նպատակն է Արցախի բնակչությանը, նոր ծնվող երեխաներին ու իրենց ծնողներին ասել, որ Սփյուռքը նրանց  հետ է, սիրում ու հոգատար է նրանց հանդեպ։ Այն մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ից,և այս ընթացքում հասցրել ենք բազմաթիվ ընտանիքների նվերներ տալ. Արցախում ծնված յուրաքանչյուր երեխա հիմնադրամի կողմից ստացել է նվեր-տուփ»,-մանրամասնել Ա. Վարդանյանը՝ շնորհավորելով Արցախի երեխաների տոնն ու մաղթել խախաղ մանկություն։

Нет описания.

Ծրագրի շահառու Սաթենիկ Ծատրյանը «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամին իր շնորհակալությունն է հայտնել,ինչը Արցախի համար այս ծանր պայմաններում բավական ոգևորիչ է։

«Տղա երեխա եմ ունեցել. չորրորդ երեխաս է։ Նրան տվել ենք Էդգար անունը։ Տանը նրան սպասում են երեք քույրերը։Բավական գնահատելի է հիմնադրամի նախաձեռնությունը։ Շնորհավորում եմ Արցախում ապրող մեր բալիկներին իրենց օրվա առթիվ։Թող խաղաղություն լինի մեր հայրենիքում ու մեր ապագա սերունդը արժանապատիվ կյանքով ապրի»,-նշել է Ս. Ծատրյանը։

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի Նեոնատոլոգիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ծննդատանը շարունակում են երեխաներ ծնվել և հաստատությունն էլ բնականոն կերպով շարունակում է իր աշխատանքը։

«Այսօր,առավել քան երբևէ, մեր մանուկները պաշտպանության կարիք ունեն։ Կոչ եմ անում ողջ աշխարհին և հայությանը պաշտպան կանգնել մեր մանուկներին»,-հավելել է Ն. Հովհաննիսյանը։

Нет описания.