Կիրանցը բաժանվելու է երկու մասի՝ ադրբեջանական ու հայկական․ Գառնիկ Դանիելյան

29 Ապրիլի 2024, 21:48

Բոլոր

Alpha News-ի ուղիղ եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այս պահին գտնվում է Տավուշի մարզում, մանրամասներ է հայտնել կիրանցիների ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։

«Կիրանցիները շատ հուզված ու վրդովված են դուրս եկել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։ Գյուղացիների պահանջները, որ իրենք ներկայացրել էին իշխանություններին, չեն բավարարվել։ Այն, ինչ մենք մտածում էինք՝ ամենավատ սցենարը, ցավոք սրտի, մեր կանխատեսումները այս պահին իրականացել են։ Մարդիկ, արտասուքն աչքերին, դուրս են եկել այդ հանդիպումից։ Նույն հուզմունքն ու վրդովմունքն այս պահին կա նաև Կիրանց գյուղում։ Մարդկանց մոտ հիասթափություն է, նրանք շատ ծանր վիճակում են հիմա։ Գյուղն, այս պահի դրությամբ, ըստ մեզ հասած տեղեկությոուսնների, պետք է բաժանվի 2 մասի՝ ադրբեջանական և հայկական մասերի։ Բոլորիս պարզ է՝ գյուղը դառնալու է անկենսունակ, բայց սա գյուղի հարցը չէ միայն»,- ասել է Դանիելյանը։

Պատգամավորը նկատել է՝ վտանգը միայն կիրանցիներին չի սպառնալու, այլ ամբողջ հանրապետությանը։

«Եթե ավելի գլոբալ նայենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան ամբողջ պաշտպանական գիծը կազմաքանդվելու է։ Ադրբեջանական կողմը հայտնվելու է Կիրանց գյուղում։ Սա չի կարող որևիցե կերպ տեղավորվել մեր պատկերացումներում և մենք՝ բոլորս, Տավուշի ժողովուրդը, մասնավորապես՝ Կիրանց համայնքի մարդիկ հավաքվել ենք և մեր վրդովմունքն ենք արտահայտում։ Փաստացի, Կիրանց գյուղը դառնում է անկենսունակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսինքն՝ առաջնագիծը կազմաքանդվում է, հատկապես, որ ադրբեջանցիները հայտնվելու են միջպետական ճանապարհին։ Հենց այդ ճանապարհն է, որն արդեն 11 օր փակ է։ Փաստացի, այդ ճանապարհը, կամուրջը և գյուղի տների մի մասը լինելու են ադրբեջանցիները»,- եզրափակել է Գառնիկ Դանիելյանը։