Վարդենիս համայնքում մեծ շուքով նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

02 Հունիսի 2023, 21:00

Հայեր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքքում Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է շուքով, բազմաբնույթ միջոցառումներով,  ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային կառույցների, տեղական, միջազգային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացնում են՝ միջոցառումներին իրենց ակտիվ աջակցությամբ հանդես են եկել և երեխաների օրը տոն դարձրել  «Քույրիկ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը, ԵՀՓ ԵՀԿ-ը:

Վարդենիսի Գառնիկ Կարապետյանի անվան քաղաքային զբոսայգում Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի աշխատակիցները կազմակերպել են մանկական-երաժշտական հետաքրքիր միջոցառում:

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է փոքրիկներին և հղել շնորհավորական ուղերձ։

Երաժշտական կատարումներով հանդես են եկել  Վարդենիսի թիվ 1, թիվ 2 մանկական երաժշտական դպրոցների սաները, Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի և Վարդենիսի քաղաքային մարզադպրոցի մարզիկները կատարել են  սպորտային ցուցադրումներ, Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի աշխատակիցները, սաները կազմակերպել են  նկարչական սիրողական մրցույթ՝ ներգրավելով երեխաներին, Վարդենիսի շախմատի ակադեմիան էլ իրականացրել է շախմատի ուսուցողական խաղ-մրցույթ:

Մանուկներին դիմավորել են  ժամանակակից մուլտհերոսները: Երեխաներին հյուրասիրվել է պաղպաղակ:

Վարդենիս համայնքի սահմանամերձ Սոթք, Ազատ, Կութ բնակավայրերի շուրջ 200 երեխա հյուրընկալել են  ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին և բարձրաստիճան պետական այլ պաշտոնյաների:

Վարդենիս համայնքի Տրետուք, Կուտական բնակավայրերի սոցիալապես անապահով 7-13 տարեկան երեխաներն էլ բացօթյա երկհարկանի ավտոբուսով շրջայց են կատարել  մայրաքաղաք Երևանում, մանկական զվարճանքի հետաքրքիր վայրերում՝ վառ գույներով ու տաք ժպիտներով անցկացնելով  իրենց պայծառ օրը:

Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում էլ փոքրիկները դիտել են  Երևանի «Թատրոն կայարան»-ի հմուտ դերասանների կողմից բեմադրած հետաքրքիր մանկական ներկայացումներ: Մանկական հեքիաթ-մյուզիքլային ներկայացումներն ստեղծված էին դասական և ժամանակակից երաժշտական չափանիշներով:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Վարդենսում անցավ բավականին բովանդակալից,  աշխույժ, զվարճալի երգերով ու պարային համարներով: Մանկական միջոցառումներին ներկա գտնվող մեծերն ու  փոքրերը մասնակից դարձան փոքրերի աշխարհի իրական ու գունավոր հեքիաթին:

Տոնի առթիվ երեխաներն, ամենգեղեցիկ շնորհավորանքներից բացի, ստացան նաև Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանի ամենահաս օրհնությունը»,-ներկայացրին Վարդենիսի համայքնապետարանի աշխատակազմից։