«Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը ներկայացնում է բոլորիս ակնկալիքները. Աշոտ Ավետիսյան

06 Մայիսի 2024, 21:48

Քաղաքականություն

«Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը կարծես թե ներկայացնում է բոլորիս ակնկալիքները: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի փիլիսոփայական գիտությունների ամբիոնի դասախոս Աշոտ Ավետիսյանը։

«Բոլորս մտահոգ ենք Տավուշում կատարվող իրադարձություններից, անհանգիստ ենք, թե ինչ է լինելու: «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը ներկայացնում է բոլորիս ակնկալիքները, հույսերը, չապրված հույզերը: 2018-ին եղավ հեղափոխություն, եղան որոշակի փոփոխություններ՝ գոնե իշխանության մակարդակով, բայց հայ ժողովուրդը, հայ մայրերն ու հայրերը մեծ կորուստներ ունեցան, սահմանները փոփոխության ենթարկվեցին և ենթարկվում են։ Բացի դա՝ ունեցանք բավականին, այսպես ասած, դիրքորոշումների փոփոխություն»,- ասել է Աշոտ Ավետիսյանը:

Նրա կարծիքով՝ մեր խնդիրը սահմանումների ու ձևակերպումների մեջ է։

«Խնդիրը հայի ով լինելու, Հայաստանի ինչ լինելու ձևակերպման մեջ է: Սահմանումների խնդիր ունենք: Արցախ, արցախցի ասելով՝ ունեցանք խնդիր, սահման բառն էլ փոփոխական է դարձել: Սահմանը կայուն պիտի լինի, բայց այսօրվա սահմանը չենք իմանում՝ որտեղ է սկսում, որտեղ՝ վերջանում: Այն բոլոր սպասումները, հույզերը, քաղաքական ակնկալիքները, հակակոռուպցիոն գործընթացները, որոնք պետք է բարելավեին հասարակական կարգը, կարծես թե այդ ամենը չիրականացավ կամ իրականացավ շատ քիչ, ավելին՝ ունեցանք մեծ թվով զոհեր»,- եզրափակել է Աշոտ Ավետիսյանը: