Սա սահմանազատում չէ, սա նահանջ ու պարտություն է․Արթուր Խաչիկյան
08 Մայիսի 2024, 22:37
Alpha News-ի ուղիղ եթերում ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը որակել է որպես նահանջ։
«Սա սահմանազատում չէ, սա նահանջ ու պարտություն է։ Որևէ մեկն այս ժողովրդին չի կարող բացատրել, թե ինչի հիման վրա է կատարվում այս սահմանազատումը, որ քարտեզով, որտեղ են այդ գծերը։ Մենք ասում ենք, որ Ադրբեջանը որևէ քարտեզ չի ընդունում և անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում, այսինքն՝ մենք անընդհատ հանձնվում ենք։
Մենք այսօր հանձնում ենք այդ երկուսուկես կամ երեք գյուղը, դրանից հետո նրանք ևս երեք գյուղ են պահանջելու Տավուշում ու նաև ճանապարհներ դեպի այդ գյուղեր։ Դրանից հետո նրանք պահանջելու են Տիգրանաշենը, Վարդենիսում 10-11 գյուղ՝ ըստ ինձ հասած տեղեկությունների, դրանից հետո նրանք անպայման պահանջելու են Սյունիքի միջանցքը»,- ընդգծել է քաղաքագետը։
Արթուր Խաչիկյանը նշել է նաև, որ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ու Ադրբեջանը երկուստեք նոր ճանապարհներ են կառուցում դեպի մեր տարածք։
«Թուրքիան ու Ադրբեջանն արդեն շուտով ավարտելու են ճանապարհների կառուցումը դեպի մեր տարածք, լսել եմ, որ մեր տարածքում արդեն ասֆալտապատվում են որոշ ճանապարհներ, մասնավորապես՝ Գորիս-Սիսիանից դեպի Եղեգնաձոր ճանապարհը։ Մեր տարածքով մի քանի միջանցք մենք տրամադրելու՞ ենք, թե ոչ։ Մինչև հիմա չի եղել այդպիսի պահանջ, որ Ադրբեջանը ինչ-որ բան պահանջի ու մեր, այսպես կոչված, ղեկավարությունը չզիջի։ Մինչև որտե՞ղ ենք մենք զիջելու, այդ հարցի պատասխանը կարո՞ղ ենք ստանալ։
Ո՛չ։ Որովհետև կամ մեզ ճշմարտությունը չեն ասում, կամ սկսում են մանիպուլացնել և ասել այնպիսի բաներ, որ պետության ղեկավաը չպետք է ասի, օրինակ՝ եթե ադրբեջանցու չեք ուզում տեսնել, ծառ տնկեք, այս սյուները կապահովեն ձեր անվտանգությունը, մեր բանակը հետ կքաշենք ու դրանով դուք անվտանգ կապրեք»,- ասել է Արթուր Խաչիկյանը։