Կանադայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
03 Հունիսի 2023, 11:30
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրությամբ իր խորը հիասթափությունն ու մերժումն է հատնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը՝ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մաս ճանաչելուն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե այդ հայտարարությունը գործադրության դրվի, լրջորեն կնսեմացվի Արցախի ժողովրդի անկախության բազմադարյան ձգտումը, ինքնորոշման իրավունքը և միջազգայնորեն միջնորդված խաղաղության գործընթացը։
Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ դիմակայել է դժվարություններին՝ ձգտելով պաշտպանել իր մշակութային ինքնությունը, պահպանել իր ժառանգությունը և պաշտպանել ապահով և բարօր հայրենիքի մեջ ապրելու իր իրավունքը։ Արցախահայության ազգային ինքնորոշման համար մղված պայքարը ճանաչված է բազմաթիվ միջազգային կառույցների կողմից և հաստատագրված միջազգային իրավունքի սկզբունքներով: Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն կարհամարհի Արցախի ժողովրդի կամքը, այլև կանտեսի նրանց հիմնարար իրավունքները։
Կանադան և միջազգային ընտանիքի մյուս անդամները չպետք է խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած քաղաքականությունը և պետք է վերահաստատեն իրենց դիրքորոշումը Արցախի հակամարտությունը լուծելու ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նշված է Հելսինկյան սկզբունքների մեջ։
«Կանադայի Հայ Դատի հանձնախումբը ամուր կանգնած է Արցախահայության և նրա ինքնորոշման արդար ձգտումների կողքին։ Մենք վերահաստատում ենք Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը և կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին վերանայելու իր դիրքորոշումը։ Մենք կոչ ենք անում նաև Կանադային և միջազգային հասարակությանը՝ դատապարտելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունը և սատար կանգնելու արդարության, ինքնորոշման և մարդու իրավունքները հարգելու սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման գործընթացին», նշված է հաղորդագրության մեջ: