Կիրանցում ուժային կառույցները հոգեբանական ճնշում են գործադրում մարդկանց վրա․ Գառնիկ Դանիելյան

23 Մայիսի 2024, 22:22

Քաղաքականություն

Հայաստանի ներկա իշխանությունները կիրանցիներին ստիպում են համակերպվել իրականության հետ, այլ դեպքում՝ այն փոխհատուցումը, որը նախատեսված է, կարող են դրանից էլ զրկվել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Գործող իշխանությունները մարդկանց մեջ սերմանում են այն միտքը, որ ելք չկա, սահմանազատումը միակ տարբերակն է, և եթե նրանք չգնան այն ճանապարհով, որը առաջարկվում է և չհամակերպվեն իրականության հետ, ապա այն փոխհատուցումը, որը նախատեսված է, կարող են դրանից էլ զրկվել։

Պատահական չէ՝ օրեր առաջ հայտարարություն տարածվեց, որ մարդկանց տան վկայագրեր են տրվել, բայց սխալ են տրվել։ Այսինքն՝ դա լրացուցիչ ճնշում էր մարդկանց նկատմամբ։ Իշխանություններն ուզում են ցույց տալ, որ այդ մարդիկ և՛ տնից կարող են զրկվել, և՛ իրենց գույքից, և եթե շարունակեն պայքարել, ապա նաև այդ փոխհատուցումից կզրկվեն»,- նշեց Դանիելյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ Կիրանցում գտնվող բոլոր ուժային կառույցները հոգեբանական ճնշում են գործադրում մարդկանց վրա։

«Գյուղը շրջափակման մեջ է, և չեն թողնում՝ մենք գյուղ մտնենք, դրանով փորձում են կիրանցիների մոտ տպավորություն ստեղծել, որ դուք մեր ձեռքերի մեջ եք։ Ստացվում է՝ մի կողմից Ադրբեջանն է, մյուս կողմից՝ Հայաստանի սահմանապահ զորքերը, հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այդ բոլոր ուժային կառույցները հոգեբանական ճնշում են գործադրում մարդկանց վրա։ Սա է ամբողջ իրականությունը»,- եզրափակեց Դանիելյանը։