Մարիկա Գևորգյանի «Ես այլևս այստեղ չեմ ապրում» գրքի շնորհանդեսը՝ Մոսկվայում

09 Հունիսի 2024, 13:45

Մշակույթ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Մշակույթի կենտրոնում հունիսի 19-ին տեղի կունենա հայ գրող Մարիկա Գևորգյանի «Ես այլևս այստեղ չեմ ապրում» գրքի շնորհանդեսը: Այս մասին հայտնում է կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Գրքում տեղ են գտել տարբեր տարիներին գրված պատմվածքներ-նովելներ և կինոպատումներ: Ստեղծագործությունների մեծ մասի սյուժեները ծավալվում են Հայաստանում։ Ֆիլմերի պատմության հերոսները ընկղմված են իրենց ողբերգական ժամանակի մթնոլորտում, որը մանրամասն և պատկերավոր կերպով վերստեղծվում է հեղինակի կողմից: Ապրելով կյանքի սեփական դրաման՝ հերոսները կանգնում են բարդ ընտրության առջև, որն ի վերջո լուծվում է մերձավորի հանդեպ ողորմածությամբ և սիրով։

Մարիկա Գևորգյանը ծնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, ընդունվել Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որն ավարտել է երեք մասնագիտություններով՝ կինոդրամատուրգ, կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր, դրամատուրգիայի և ստեղծագործական առարկաների ուսուցիչ։ Մարիկան ապրում և աշխատում է Մոսկվայում։ Նա կինոդրամատուրգ է, ֆիլմի սցենարային վարպետության և դրամատուրգիայի դասախոս, Ռուսաստանի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոդրամատուրգների գիլդիայի անդամ: Նա նաև ֆիլմերի սցենարների, կինոյի մասին գիտական հոդվածների հեղինակ է։