Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին

11 Հունիսի 2024, 15:55

Քաղաքականություն

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Հայաստանի ներքաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակին։ Կարևորվեց աշխարհասփյուռ հայության կյանքում Եկեղեցու առաքելությունը՝ ուղղված ժողովրդի միասնության ու համերաշխության ամրապնդմանը, ինչպես նաև համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենիքի զորացման։

Հանդիպմանը ներկա էր նաև Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։