Երբ Հայաստանը ձեռքերը լվաց և հրաժարվեց Արցախից, հասկացա՝ մենք կորցնելու ենք Արցախը․ Զանգու Արմենյան
11 Հունիսի 2024, 22:00
Հայաստանն, Արցախն ու Սփյուռքը մեկ ամբողջություն էին, և ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր Արցախը մերը չի լինի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի խորհրդի անդամ Զանգու Արմենյանը։
«Ես տեսել եմ Արցախի պայքարն իր սկսման պահից ի վեր՝ դեռ շատ տարիներ առաջ։ Ես այնտեղ էի 80-ականներին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ես ցույց եմ արել այնտեղ։ Հայաստանն, Արցախն ու Սփյուռքը մեկ ամբողջություն էին, և ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր Արցախը մերը չի լինի։ Եվ ցավով պիտի նշեմ, որ վերջին տարիներին, երբ Ադրբեջանը ճնշում էր գործադրում Արցախի նկատմամբ, Հայաստանի իշխանություններն այլ ուղի ընտրեցին՝ մենակ թողնելով մեր արցախցի քույրերին ու եղբայրներին։ Եվ երբ տեսա, որ Հայաստանը ձեռքերը լվացել է ու չի աջակցում Արցախին, հասկացա՝ մենք կորցնելու ենք Արցախը»,- ասաց Արմենյանը։
Նա ցավով նշում է՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ամբողջովին չեն գիտակցում՝ ինչ վտանգի առաջ է կանգնած Հայրենիքը։
«Հիմա հերթը հասել է Տավուշին, և այն ամենն ինչ կատարվեց Տավուշում, սկիզբն է նոր զիջումների։ Ցավոք, մարդիկ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ամբողջովին չեն գիտակցում՝ ինչ վտանգի առաջ ենք կանգնել։ Նրանք դեռ հույս ունեն, որ լավ է լինելու ամեն բան, բայց իրականությունն այլ է։ Ես այս ողջ տարիներին չեմ հիշում մի օր, որ հայրենիքը այսքան մեծ վտանգի առաջ կանգնած լինի, չեմ հիշում միր օր, որ նրա լինել-չլինելու հարցն այսքան լուրջ լինի։
Թշնամին շրջափակել է մեզ բոլոր կողմերից, իսկ մենք խեղճացել ենք, քանի որ մեր երկրի ղեկավարը չի պայքարում իր երկրի, հողի համար։ Ես այսօր ԱՄՆ-ում եմ ապրում ու աշխատում, բայց գիտակցում եմ, որ ԱՄՆ-ն ձևացնում է, թե Հայաստանին աջակցում է։ Իրականությունն այլ է, որի մասին փաստում են հենց նրանց գործողությունները։ Նրանք այսօր մեծ հարգանք են ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ՝ չնայած նրան, որ այդ երկրի արժեքները հակասում են ԱՄՆ-ի արժեքներին։ Իսկ Հայաստանին վերաբերվում են մակերեսային, ինչը ես ընդունել չեմ կարող»,- նշեց Արմենյանը։