ԱՄՆ-ը ՀՀ-ում ուզում է կառուցել մի բան, որն իր երկրում արգելված է․ Արմեն Մանվելյան

03 Հուլիսի 2024, 22:05

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում միջազգայնագետ, էներգետիկ աշխարհաքաղաքական մասնագետ Արմեն Մանվելյանը անդրադարձել է ՀՀ իշխանությունների արած տարբեր հայտարարություններին՝ նշելով, որ դրանք զուտ խոսքեր են։

«Չեմ կարծում, թե Հայաստանի այսօրվա գործող իշխանությունը ինչ-որ հարցում առարկայական համաձայնության գա որևիցե այլ երկրի հետ։ Վերջին 6 տարիների փորձը ցույց է տվել, որ նրանց բոլոր համաձայնությունները կամ կիսատ են, կամ չեն կատարվում, կամ ավելի շուտ դրանք փիառի ոլորտից են։ Նրանք բարձրագոչ հայտարարություններ են անում այս կամ այն համակարգի կամ երկրի հետ համագործակցության մասին, այս կամ այն կառույցը ստեղծելու կամ ռեակտր կառուցելու մասին, որպես կանոն, այս ամենը դրանից հեռու չի գնում»,- ասել է մեր զրուցակիցը։

Մանվելյանն նա նշել է, որ Արևմուտքը երբեք չի ֆինասավորում ատոմակայաններին, մինչդեռ ռուսական կողմը միշտ էլ անում է այդ քայլը։

«Այսօր աշխարհում ամենաէժան ատոմակայանը կառուցում է «Ռոսատոմ»-ը, որի մեկ ռեակտորի գինը 5-6 միլիարդ դոլար է, այն դեպքում, երբ արևմտյան տեխնոլոգիաները սկսում են 12 միլիարդ և ավելի դոլարից։ Ռեակտոր կառուցելը թանկ է, ատոմակայանը բաղկացած է 4-6 ռեակտորներից։ Ռուսները մի շարք երկրներում կառուցում են ատոմակայաններ, որոնք ամբողջովին իրենք էլ ֆիանսավորում են, չգիտեմ դեպք, երբ ամերիկացիներն իրենց ֆինանսավորմամբ ատոմակայան կառուցեն։ Եթե համեմատենք, Ռուսաստանն ավելի մեծ փորձ ունի ու նաև «Ռոսատոմ»-ն այս պահին համաշխարհային շուկայի ատոմակայանների ամենամեծ փայատերն է»,- նշել է փորձագետը։

Մանվելյանը ասել է, որ ԱՄՆ-ը ՀՀ-ում ուզում է կառուցել մի բան, որ իր երկրի տարածքում արգելված է։

«Ամերիկացիները խոսք են տվել, որ Հայաստանում կկառուցեն իբր թե մոդուլային կայան։ Այդ մոդուլային կայաններն, օրինակ, ԱՄՆ-ի տարածքում թույլ չի տրվել կառուցել։ ԱՄՆ-ում կա այսպիսի մի հանձնաժողով, որ կոչվում է միջուկային կարգավորման հանձնաժողով։ Դրա թույլատրությամբ է հնարավոր Միացյալ Նահանգների տարածքում ատոմային կայաններ, գործարաններ, ռեակտորներ կառուցել։

Ադ հանձնաժողովը մինչ օրս թույլ չի տվել այդ մոդուլային կայանի կառուցումը ԱՄՆ-ի տարածքում։ Հետևաբար, նման կայանի կառուցումը ՀՀ-ում վտանգավոր է , որովհետև եթե թույլ չի տվել այդ հանձնաժողովը, նշանակում է՝ այն անվտանգության հետ կապված խնդիրներ է պարունակում»,- եզրափակել է Արմեն Մանվելյանը։