Մոսկվայում կներկայացվի «Էրմակ» օպերան, որի ռեժիսորն է Գեորգի Իսահակյանը

07 Հուլիսի 2024, 12:00

Մշակույթ

Հուլիսի 7-ից հուլիսի 14-ը Մոսկվայում տեղի կունենա Կրասնոյարսկի Դմիտրի Խվորոստովսկու անվան օպերայի և բալետի թատրոնի «Մեծ հյուրախաղերը»:

Մոսկվայի «Հելիկոն-Օպերա» երաժշտական թատրոնի բեմում կցուցադրվեն տարբեր ժանրերի և ոճերի երեք ռեպերտուարային բեմադրություններ, այդ թվում՝ հատուկ Կրասնոյարսկի թատրոնի համար ստեղծած «Էրմակ» օպերան։

Սյուժեն հիմնված է Վասիլի Սուրիկովի «Սիբիրի նվաճումը Էրմակի կողմից» կտավի ստեղծման գործընթացի վրա, որն արտացոլում է Ռուսաստանի պատմության իրական փաստերը: Հերոսները հայտնի պատմական դեմքեր են՝ Իվան Ահեղը, Նիկոլայ II-ը, Լև Տոլստոյը, վաճառական Տրետյակովը, նկարիչ Ռեպինը, Ստրոգանովի բարոնները ։

«Էրմակ» օպերայի ռեժիսորը Մոսկվայի Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր Գեորգի Իսահակյանն է։

Կրասնոյարսկի թատրոնի խնդրանքով օպերայի երաժշտությունը գրել է մշակույթի բնագավառում Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկին։ Օպերայի գեղարվեստական ձևավորումը ստեղծել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Միխայլովսկու անվան թատրոնի (Սանկտ Պետերբուրգ) գլխավոր նկարիչ, Մարիինյան թատրոնի բեմադրիչ Վյաչեսլավ Օկունևը։