«Ես ինձ շատ մտերիմ եմ զգում Հայաստանի և հայերի հետ»․ ֆրանսիացի երաժիշտ Պատրիկ Ռադել
10 Հունիսի 2023, 12:40
Ես ինձ շատ մտերիմ եմ զգում Հայաստանի եւ հայերի հետ։ Այս գուրգուրանքն օրեցօր աճում է ու տասնապատկվում Հայաստան իմ յուրաքանչյուր այցից հետո։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Armenian Mirror Spectator-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսիացի երգիչ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Պատրիկ Ռադլեն, ով այս ապրիլին ելույթ է ունեցել Երեւանում։
Պատրիկը դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Նրա խոսքով՝ այս դիմումը «իմ ցանկությունն է՝ հատուկ արտահայտելու այս խորը ջերմությունը»։
«Սա հայ ժողովրդին պատկանելու իմ բուռն ցանկության արտահայտությունն է։ Ինձ համար սա տրամաբանական ու բնական շարունակությունն է այն ճանապարհի, որն ինձ ավելի ու ավելի է տանում դեպի Հայաստան։
Նրա խոսքով՝ երաժշտության միջոցով հայկական մշակույթը տարածելն ու դրան ծանոթացնելն է, դրանով իսկ ուշադրություն հրավիրել Հայաստանի եւ Արցախի վրա, այժմ իր գլխավոր հոգսն ու ամենանվիրական ցանկությունն է։
«Ես կշարունակեմ աշխատել այս ուղղությամբ՝ իմ համեստ հնարավորությունների սահմաններում մասնակցել բոլոր հայերի համար ապահով եւ հանգիստ կյանքին իրենց պապենական հողերում»:
Խոսելով դաշնամուրի եւ թավջութակի համար իր «Արցախ» ստեղծագործության մասին՝ Պատրիկը նշել է, որ վաղուց է մտահղացել ինչ-որ բան գրել Արցախի համար։ «Սրա համար ցանկացա մասամբ օգտագործել արցախյան հայկական մեղեդիները։
Անցյալ տարի Հայաստանում գտնվելու ընթացքում կարողացա բերել այս մեղեդիներից մոտ տասնհինգը։ Ընտրեցի երեքն ու օգտագործեցի յուրաքանչյուրը՝ ներդաշնակեցնելով ու զարգացնելով «Արցախը» կազմող երեք ստեղծագործություններից յուրաքանչյուրի համար։
Իհարկե, ես գրել եմ իմ սեփական մեղեդիները եւ դրանք համադրել հայկական թեմաների հետ՝ ստեղծելով համերաշխ մի բան եւ փորձել մոտ մնալ հայկական արտահայտությանը:
2020 թվականի օգոստոսին Հայաստան կատարած մեր ուղեւորության ընթացքում մենք ճանապարհորդեցինք երկրի շատ անկյուններ։ Ես խորապես տպավորված էի հայկական բնապատկերներով, սարերով, վանքերով…
Մենք հանդիպեցինք արցախցի փախստականների ընտանիքներին, ովքեր կորցրել էին ամեն ինչ: Հենց այս շատ ուժեղ տպավորություններն ու հույզերն ինձ թույլ տվեցին գրել այս երաժշտությունը եւ դրանում արտահայտել այն, ինչ կարծես որսացել եմ հայկական ոգով և այն, ինչ այն առաջացնում է իմ մեջ»: