Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն անորոշության մշուշի մեջ են. Սերգեյ Ստանկևիչ
25 Հուլիսի 2024, 00:08
Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչն այսօր Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։
«Այսօր Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններմ անորոշության մշուշի մեջ են։ Բոլոր հիմնական պայմանները, որոնք ձևավորում են այս հարաբերությունները, մնում են անփոփոխ։ Այսինքն՝ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, քանի որ գտնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշինքում։
Բացի այդ, Հայաստանը մնում է Ռուսաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերը, քանի որ այն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաս է կազմում։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի երկկողմ կարևոր ռազմավարական հարաբերություններ, քանի որ Հայաստանի տարածքում կա ռուսական ռազմաբազա, և այդ ամենը ձևակերպված է բավականին լուրջ պայմանագրով։ Այդ կարևորագույն ձևավորող հիմքերը պահպանվում են»,- ասել է Ստանկևիչը։
Փորձագետի կարծիքով՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հետ ցուցադրական մերձեցումը, որը ձեռնարկում է Հայաստանը, Կրեմլում աճող զայրույթ է առաջացնում։
«Հայաստանի արտաքին քաղաքական վարքագիծը գնալով ավելի ու ավելի երկիմաստ է դառնում։ Ռուսաստանը դեռևս շարունակում է մնալ սուր աշխարհաքաղաքական հակամարտության մեջ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ։ Եվ այս հակամարտության ֆոնին Բրյուսելի և Վաշինգտոնի հետ նման ցուցադրական մերձեցումը, որ Հայաստանը ձեռնարկում է, Կրեմլում աճող զայրույթ է առաջացնում։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ակտիվ գործողությունների։
Միաժամանակ հասկանալի է, որ նման անորոշությունը չի կարող երկար շարունակվել։ Եվ հարկ կլինի ինչ-որ կերպ բացատրել այս երկիմաստությունը»,- նշել է Ստանկևիչը։
Ամենայն հավանականությամբ, ըստ նրա, ինչ-որ տեսանելի ապագայում Ռուսաստանի կողմից ոչ հրապարակային ռազմավարական խորհրդակցություններ անցկացնելու հարցում կլինի, որպեսզի պարզվի՝ արդյոք Հայաստանն իսկապես որոշել է փոխել իր աշխարհաքաղաքական ռազմավարությունը, թե դրանք պարզապես մանևրներ են, խորհրդանշական ժեստեր, որոնք ցույց են տալիս այս կամ այն դժգոհությունը։
«Այս ամենը պետք է հստակեցվի, քանի որ անորոշությունը նման լուրջ հակամարտության ֆոնին, որն այժմ առկա է Եվրոպայում, չի կարող երկար պահպանվել»,- եզրափակել է Ստանկևիչը։