Այն վիճակը, որ հիմա Կիրանցում է, մտահոգությունների տեղիք է տալիս․ Գառնիկ Դանիելյան
25 Հուլիսի 2024, 22:30
Ադրբեջանցի սահմանապահները Կիրանցում ամեն անգամ սադրանքներ են իրականացնում, թեև մեզ համար այդ ամենը զարմանալի չէ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սահմանագծման, սահմանազատման աշխատանքների անվան տակ Կիրանցում միակողմանի զիջում է տեղի ունեցել։ Կիրանցում և դրան կից տարածքներում այսօր ադրբեջանական ուժերն ակտիվ ինժիներական և այլ աշխատանքներ են կատարում, անմիջապես դպրոցի հարևանությամբ տեխնիկան է աշխատում։ Նոր կառուցված ճանապարհի հարևանությամբ ադրբեջանցիները եկել և կոնֆլիկտ են ունեցել հայ սահմանապահների հետ։ Պատճառն այն է եղել, որ ադրբեջանցիները հայկական կողմի ներկայացուցիչներին ասել են՝ այն տարածքը, որտեղ որ կառուցվում է այդ ճանապարհը, ևս նրանց է պատկանում։ Այսինքն՝ ադրբեջանցիներն ամեն անգամ սադրանքներ են իրականացնում, որոնք մեզ համար զարմանալի չեն»,- նշեց Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ մինչ այս ևս մի քանի միջադեպեր են տեղի ունեցել, բայց երկու օր առաջվա նման միջադեպ չի եղել, և այն վիճակը, որ հիմա Կիրանցում է, շատ մտահոգությունների տեղիք է տալիս։
«Մենք բազմաթիվ անգամներ զգուշացրել ենք, որ ադրբեջանական կողմը հանգիստ և խաղաղ չի ապրելու։ Երբ Կիրանցը հանձնվում է թշնամուն, պետք է ի նկատի ունենալ, որ ադրբեջանցիների նպատակը հենց մխրճվելն է գյուղի տարածք։ Մինչ այս ևս մի քանի միջադեպեր են տեղի ունեցել, բայց երկու օր առաջվա նման միջադեպ չի եղել, և այն վիճակը, որ հիմա Կիրանցում է, շատ մտահոգությունների տեղիք է տալիս։
Ինչ վերաբերում է կոնկրետ ականի պայթյունին, նշեմ, որ դա տեղի է ունեցել երեկ, այս պահին պարզվում են, թե ինչ հանգամանքների ներքո է պայթյունը եղել։ Բարեբախտաբար տուժածը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված և անորոշ, քանի որ նույն հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որտեղ բնակիչները ցանել են իրենց ցորենը, ադրբեջանական կոմբայներն այդ ցուրենն ու գարին հնձել էին։ Այս տեղեկությունը հենց գյուղացիներն են ինձ ասել։
Նաև նշեմ, որ շաբաթներ առաջ հարցում էի ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն և բացատրություններ պահանջել, թե ինչու գյուղացիները չեն կարողանում իրենց բերքը հնձել։ Ի պատասխան ասել են, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում։ Ստացվում է դա ադրբեջանցիների գործառույթների մեջ է, և ամբողջ ցորենը նրանց է պատկանում»,- եզրափակեց Դանիելյանը։