Զարիֆի անձը որպես առիթ էր օգտագործվում կառավարության գործունեությունը թիրախավորելու համար․ Ժաննա Վարդանյան

12 Օգոստոսի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Զարիֆի հրաժարականի պատճառը կառավարության ներկայացրած կազմից դժգոհությունն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը։

«Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականի տեքստից կարելի է հասկանալ, որ նրա հրաժարականի պատճառը կառավարության ներկայացրած կազմից դժգոհությունն է։ Ինչպես գիտենք, երբ հաղթեց նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դրանից հետո Զարիֆի գլխավորությամբ ձևավորվել էր ռազմավարական խորհուրդ, որը զբաղվում էր նոր կառավարության հնարավոր կազմի մշակմամբ։ Եվ երեկ Փեզեշքիանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարության կազմ, որն ամբողջովին չի համապատասխանում այդ ռազմավարական խորհրդի ներկայացրած կազմին, այլ ընդամենը մասամբ են ընդունվել առաջարկները»,- նշեց Վարդանյանը։

Իրանագետի խոսքով՝ Զարիֆի անձը որպես առիթ էր օգտագործվում կառավարության գործունեությունը թիրախավորելու համար։

«Իրանի 19 նախարարներից կեսին Փեզեշքիանը առաջարկել է պահպանողականների թեկնածություններ, հիմնական դժգոհությունը թե՛ Զարիֆի, թե՛ առհասարակն Իրանում բարեփոխական ճամբարի հենց դրա հետ է կապված, որ այդքան շատ պահպանողականների տրվել են նախարարություններ։ Հենց դրանից ելնելով Զարիֆը հրաժարական է տվել։ Մյուս բացատրությունն այն է, որ իր անձը որպես առիթ էին օգտագործում կառավարության գործունեությունը թիրախավորելու համար։ Սա ևս ինչ որ առումով տրամաբանական է, քանի որ Զարիֆը, կարելի է ասել, վերջին 10-ը տարվա ընթացքում Իրանի ամենաշատ քննարկվող քաղաքական ֆիգուրն է և նրա ցանկացած հայտարարություն, արարք միշտ բուռն ու բացասական քննարկումներ է առաջացնում»,- եզրափակել է Վարդանյանը։

Հիմա եթերում