Ջիվան Ավետիսյանը ֆիլմ կնկարահանի Բաքվում կտտանքների ենթարկված Ալեքսանդր Լապշինի մասին

15 Օգոստոսի 2024, 23:38

Մշակույթ

Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ֆիլմ կնկարահանի բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին: Այս մասին հայտնում է «The California Courier »թերթը։

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Մինսկում՝ Ադրբեջանի ավտորիտար իշխանությունների պահանջով: Ավելի ուշ նրան արտահանձնել են Բաքու՝ դատարանի առջև կանգնելու համար, որն ավելի շուտ պետք է անվանել «ֆարս։ Բանտում մահափորձից հետո Լապշինը կոմայի մեջ է ընկել, բայց հրաշքով փրկվել է։ 2021 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվի իշխանություններին մեղավոր է ճանաչել Լապշինի ապօրինի ձերբակալման, կտտանքների և սպանության փորձի համար։

Լապշինը կարծում է, որ Ավետիսյանն այնպիսի ռեժիսոր է, ով կկարողանա ճիշտ փոխանցել իր պատմությունը, քանի որ նա մեծացել է Արցախում և խորը ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի խնդիրներին: Ավետիսյանն էլ իր հերթին լուրջ պատասխանատվություն է զգում նրա համար, թե ինչպես պետք է այդ պատմությունը տեղափոխի էկրան։ Պատմություն, որը կենտրոնացած է մարդու հիմնարար իրավունքների վրա: Այսօր այդ պարտավորությունն ավելի սուր է զգացվում, քանի որ Ավետիսյանը, ինչպես և Արցախի ողջ ժողովուրդը, կորցրել է պատմական հայրենիքը նույն դաժան ավտորիտար ռեժիմի պատճառով:

«Սև ցուցակ» ֆիլմի ստեղծման գործում ներգրավված են նաև Լիտվան, Ֆրանսիան և Գերմանիան։ Նախատեսվում է ներգրավել աշխարհահռչակ դերասանների, որոնց մասնակցությունն էական ազդեցություն կունենա ֆիլմի հաջողության վրա: Թեև Ավետիսյանը չի հստակեցնում, թե ինչ փուլում է ֆիլմի մշակումը և որ ընկերություններն են ներգրավված այդ գործընթացում, այնուամենայնիվ նախագիծը հաջողությամբ առաջ է ընթանում:

Չնայած բոլոր դժվարություններին, Ավետիսյանն ու իր թիմը համոզված են՝ Մարդու իրավունքների մասին ֆիլմերը կարող են զգալի ներդրում ունենալ մարդու իրավունքների պաշտպանության մշակույթում: