Ստեղծագործական հանդիպում՝ նկարիչ Արտուշ Կարապետյանի հետ
16 Օգոստոսի 2024, 17:24
Չելյաբինսկ քաղաքի Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի է ունեցել ստեղծագործական հանդիպում նկարիչ Արտուշ Կարապետյանի հետ:
Արտուշ Կարապետյանը ծնվել է Հայաստանում։ Նա կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության ֆակուլտետը: Խորհրդային Միության փլուզումից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան՝ Չելյաբինսկի մարզի Տրոիցկ քաղաք, որտեղ այժմ ապրում և աշխատում է։
Ռուսաստան տեղափոխվելիս վարպետն իր բոլոր աշխատանքները թողել է հայրենիքում։ Այժմ նկարչի ստեղծագործությունները պարունակում են ուրալյան մոտիվներ, սակայն նրա ողջ արվեստը՝ մեծ հաշվով հագեցած է հայկականությամբ։
Նկարիչը նախընտրում է հանգիստ աշխատանքը արհեստանոցում: Վստահ է՝ կարևորը հնարավորինս շատ կտավներ թողնելն է, կգա ժամանակը և դրանք կնկատեն: Նկարչի ցուցահանդեսներն անցկացվել են Տրոիցկում, Չելյաբինսկում, Ռուսաստանի այլ շրջաններում և նրա սահմաններից դուրս:
Արտուշ Կարապետյանը Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության և միջազգային ֆեդերացիայի անդամ է: