Քիմ Քաշքաշյան․ Աշխարհի ամենատաղանդավոր ալտահարուհին

31 Օգոստոսի 2024, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Օգոստոսի 31-ին աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի ծննդյան օրն է։

Քաշքաշյանը ծնվել է ԱՄՆ Դետրոյթ քաղաքում` 1952թ-ին։ Փոքր ժամանակ Քիմը ցանկանում էր կլարնետ նվագել, սակայն նոր գործիք ձեռք բերելը չափազանց թանկ կարժենար իր ընտանիքի համար։ Մի անգամ հեռավոր ազգականը նրան փոշոտ ջութակ է տալիս, և ամեն ինչ սկսվում է հենց այդ դեպքից հետո։

Քաշքաշյանը սովորել է Միչիգանի Ինտերլոքենի հայտնի Գեղարվեստի ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Բալթիմոր քաղաքի Փիբոդի երաժշտական կոնսերվատորիայում և Ֆիլադելֆիայի Երաժշտական Նոր դպրոցում։

Քաշքաշյանը համարվում է աշխարհի ամենատաղանդավոր ալտահարուհին։ 2013թ. նա արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական գործիքային մենանվագ» անվանակարգում՝ իր «Կուրթագ և Լիգետի. երաժշտություն ալտի համար» ձայնագրության համար: Նրա բազմաթիվ հաջողություններից է նաև 2001թ. Կաննի դասական երաժշտության մրցանակը՝ «Մենակատարը նվագախմբի հետ» ձայնագրության պրեմիերայի համար։

Բազմիցս մասնակցել է ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր փառատոներին, այդ թվում՝ Մարլբորոյի, Զալցբուրգի, Լոքենհաուսի և Սթավանգերի փառատոներին: Համագործակցել է Ֆելիքս Գալիմիրի, Ռոբերտ Լևինալի, Քիթ Ջարեթի, Գիդոն Քրեմերի, Դանիել Ֆիլիպսի, Յո-Յո Մայի և այլ համաշխարհային երաժիշտների հետ:

Նա նաև դասավանդել է Բլումինգթոն քաղաքի Ինդիանա համալսարանում և Ֆրայբուրգի ու Բեռլինի կոնսերվատորիաներում։

2000 թվականից Քիմը դասավանդում է Նոր Անգլիայի կոնսերվատորիայում։

Հիմա եթերում