Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ընդունած բանաձևը բացառիկ է․ Սուրեն Մանուկյան

10 Սեպտեմբերի 2024, 13:25

Քաղաքականություն

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ընդունած բանաձևը բացառիկ է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն՝ անդրադառնալով կազմակերպության ընդունած Ադրբեջանի վարքը դատապարտող բանաձևին։

«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ամենախոշոր միջազգային կազմակերպությունն է, որ միավորում է 700 ցեղասպանագետի։ Այս մարդկանց գործը հենց ցեղասպանություններ ուսումնասիրելն է։ Նրանց ընդունած բանաձևը կարող ենք գնահատել որպես բացառիկ, պրոֆեսիոնալ փորձաքննություն է դա։ Շատ դեպքերում, օրինակ, դատարանները հարցեր քննելիս գործն ուղարկում են փորձաքննության։ Կարող ենք ասել՝ սա նման մի փորձաքննության արդյունք էր»,- ասել է մեր զրուցակիցը։

Ցեղասպանագետը նշել է, թե ինչպես կարող է մեր երկիրը հօգուտ իրեն օգտագործել ընդունված բանաձևը։

«Գիտենք՝ Հայաստանը հիմա դատական գործերի մեջ է, հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում։ Այս բանաձևը գալիս է ուժեղացելու հայկական դիրքորոշումը, հայկական պնդումները, որովհետև շատ դեպքերում մեզ համար ամենալուրջ խոչընդոտը լինում է միջազգային ատյաններում կատարվածի որակումը տալը, ընդ որում՝ որակում տալը ոչ թե մեր տեսանկյունից, այլ գտնել դրա միջազգային որակումը։

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ընդունած բանաձևը մեզ համար կարող է լինել այն հաղթաթուղթը, որով կարող ենք ասել՝ մենք այլևս անելիք չունենք այս հանցագործությունները բնորոշելիս, թե արդյոք սա ցեղասպանական, պատերազմական, թե մարդկության դեմ կատարված հանցագործություն էր»,- նկատել է ցեղասպանագետը։

Սուրեն Մանուկյանը միաժամանակ ընդգծել է, որ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 700 ցեղասպանագետից շատ քչերն են հայ, ու ողջունելի է, որ նման բանաձև են ընդունել։

«700 հոգուց երևի ամենաշատը 60 հոգին է հայ։ Կարծում եմ՝ սրանից լավ արդյունք մենք դժվար ակնկնալեինք»,- եզրափակել է մեր զրուցակիցը։