ԱԱԾ-ն չի պարզաբանում Գարագավորյանի մուտքը ՀՀ արգելելու պատճառը. ասում են՝ պետական գաղտնիք է. Մելիքյան

21 Մայիսի 2025, 23:15

Քաղաքականություն

Շուրջ երկու տարի առաջ խայտառակ, աննախադեպ պրակտիկա ունեցանք, երբ սփյուռքահայերի մուտքը ՀՀ սկսեցին արգելել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։

«Արգելք էր սահմանվում ոչ միայն ՀՀ քաղաքացիություն չունեցող, այլ որոշ դեպքում ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ, որոնք երկար ժամանակ օդանավակայանում սպասելուց հետո մուտք էին գործում երկիր։ Վերջինը Արա Աբրահամյանի դեպքն էր, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ Իսկ եթե անձը, ով ՀՀ քաղաքացի չի հանդիսանում և քննադատական վերաբերմունք ունի ներկայիս իշխանությունների հանդեպ, ապա երկիր մուտք գործելու որևէ հնարավորություն չունի»,- նշեց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ նման բան իրեն թույլ չի տվել ՀՀ նախկին որևէ իշխանություն։

Ըստ նրա՝ Նժդեհ Գարագավորյանի նկատմամբ արգելքը գործում է շուրջ երկու տարի, ասում են՝ ահաբեկչության հետ է կապված, սակայն փաստեր չեն ներկայացնում՝ նշելով, որ պետական գաղտնիք է։

«Դատարանները նախորդ երկու գործերով որոշում են կայացրել, որ պետք է փաստարկներ ներկայացվի, այլապես հայցը կհամարվի հիմնավոր։ Հիմա կտեսնենք՝ կոնկրետ Գարագավորյանի գործով արդյոք նույն փաստարկը կբերի ԱԱԾ-ն, թե, այդուհանդերձ, մոտեցումները կփոխվեն»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։