Ակնկալում ենք` Երևանում ժողովրդավարական ընթացակարգերին կհետևեն ոչ թե խոսքով, այլ գործով․ Զախարովա
06 Հունիսի 2026, 11:00
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում նախընտրական իրավիճակը։
«Տեղեկություններ են ստացվում, որ ընտրապայքարը ոչ թե ընթանում է օրենքների և կանոնների շրջանակում, այլ պայքար է մղվում հենց ժողովրդավարական ընթացակարգերի դեմ։ Մենք տեսնում ենք Հայաստանի իշխանությունների փորձերը՝ ժողովրդավարության դեմ հանցագործություն գործելու՝ ընտրություններից հեռացնելու խոշորագույն ընդդիմադիր ուժերից մեկին՝ «Ուժեղ Հայաստան» շարժմանը, ինչպես նաև, հնարավոր է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,- հայտարարել է Զախարովան։
Դիվանագետը նաև նշել է, որ ընդդիմության նկատմամբ ճնշումները՝ ձերբակալությունների, հետապնդումների, սեփականության խլման և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հալածանքների տեսքով, բավարար չեն եղել։
«Եթե այս հակաժողովրդավարական սցենարը կյանքի կոչվի, և ընտրություններին չմասնակցելու որոշումը ընդունվի, ապա Հայաստանի քաղաքացիները կզրկվեն իրենց երկրի ապագան ընտրելու իրավունքից, ինչը կասկածի տակ կդնի ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։
Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման դեպքում նույնիսկ այնպիսի միջազգային կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն և մյուսները, չեն կարող սահմանափակվել միայն «մտահոգություն» հայտնելով կամ լռությամբ շրջանցել ոչ միայն իրավական նորմերի, այլև ողջ ժողովրդի շահերի կոպիտ ոտնահարումը։
Ակնկալում ենք, որ Երևանում ժողովրդավարական ընթացակարգերին կհետևեն ոչ թե միայն խոսքով, այլև գործով, որոնց նկատմամբ հավատարմության մասին այնտեղ մինչ օրս բարձրաձայնում են յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում»,- եզրափակել է Զախարովան։