Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու բարձրաքանդակ հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։
Մասնակիցները շեշտել են հուշատախտակի պատմական ու հոգևոր նշանակությունն՝ այն համարելով հայ համայնքի և Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվել է, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդեռլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։
Սուրբ Նիկողայոսի տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշներին, այլև մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։
Միջոցառումը ավարտվել է հավատացյալների համատեղ աղոթքով և տաճարում Նարեկացու պատկերին մոմեր վառելու ավանդական արարողությամբ։