Անապայում բացվել է հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքար

03 Հունիսի 2026, 13:20

Մշակույթ

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանի հայաբնակ Հայկաձոր (ռուս.՝ Гай-Кодзор-Գայ-Կոձոր) գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել ավանդական ազգային «Խաչքար» տոնակատարությունը, որը մեկ հարկի տակ է համախմբել Անապայի բնակիչներին և հյուրերին, տարբեր համայնքների ներկայացուցիչների, հոգևորականների, հասարակական կազմակերպությունների անդամների ու ստեղծագործական խմբերի։

Տոնը նվիրված էր Ն. Ա. Իսպիրյանի անվան հայկական ազգային մշակույթի կենտրոնի 35-ամյակին, Սուրբ Գևորգ եկեղեցու 10-ամյակին, ինչպես նաև նոր խաչքարի բացմանը։ Խաչքարը տեղադրվել է որպես հայ և հույն ժողովուրդների բարեկամության, մշակութային փոխըմբռնման և հոգևոր միասնության խորհրդանիշ։

Միջոցառման շրջանակում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Տոնակատարության ընթացքում հայ համայնքի ակտիվ անդամներին և հասարակական գործիչներին հանձնվել են պատվոգրեր ու շնորհակալագրեր։ Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով, որին մասնակցել են տարբեր ազգությունների ստեղծագործական խմբեր։