Անհանգիստ են և՛ ուսանողները, և՛ Գրին քարտ ունեցողները. Թեհմինա Ավագյանը՝ ԱՄՆ-ում սկսված ռեյդերի մասին

19 Հունիսի 2025, 22:30

Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների էմիգրացիոն հարցերի շուրջ Alpha News-ը զրուցել է ԱՄՆ միգրացիոն փաստաբան Թեհմինա Ավագյանի հետ:

Նրա խոսքով՝ մարդիկ անհանգիստ են և հաճախ են դիմում փաստաբանների:

«Վերջին շրջանում ծանրաբեռնվածությունը շատացել է: Լոս Անջելեսում վերջին տասն օրերին ռեյդերը մեծ ծավալով սկսվել են, մինչ այդ ևս կային, սակայն տեղային բնույթ էին կրում: Առաջին փուլում պատկերացումն այնպիսին էր, որ միայն հանցագործներին պետք է արտաքսեին, սակայն իրականում այդպես չէ: Շատ անձինք, ովքեր առհասարակ չունեն քրեական պատմություն, նույնիսկ ճանապարհային երթևեկության խախտում, նրանք ևս արտաքսվել են»,- նշել է Ավագյանը:

Փաստաբանի խոսքով՝ անձը եթե չունի որևէ տեսակի վիզա, գրին քարտ կամ անձնագիր, բայց սահմանը հատում է, նշանակում է՝ օրենք է խախտում, դրա համար էլ նրանք ևս կարտաքսվեն։ :

«Անհանգիստ են բոլորը՝ ուսանողները, գրին քարտ ունեցողները, մարդկանց մոտ խուճապահար վիճակ է՝ չնայած, որ նրանց կարգավիճակը չպետք է մտահոգության պատճառ լիներ: Գրին քարտ ունեցող մարդիկ անհանգստանալու պատճառ կարող են ունենալ միայն այն դեպքում, եթե որևէ հանցագործություն են կատարել: Եթե նրանց մոտ որևէ խնդիր չկա, անհանգստանալու պատճառ ևս չկա: Ինչ վերաբերում է գրին քարտը հետ վերցնելուն և դեպորտ անելուն, ապա դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե քարտը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով»,- ընդգծել է Ավագյանը: