Արաքսյա Գյուլզադյան. հայկական երաժշտության ժողովրդական սոխակը
05 Հունիսի 2025, 22:00

Արաքսյա Կարապետի Գյուլզադյանը ծնվել է 1907թ. հունիսի 5-ին Գյումրիում: Մանկուց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ, իսկ նրա տաղանդը նկատել են դեռ դպրոցական տարիներին։
1926 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։ Սկզբում նա հանդես է եկել փոքր երաժշտական խմբերում, սակայն շուտով դարձել է Հայաստանի Ռադիոկոմիտեի ժողգործիքների անսամբլի մեներգչուհի, որտեղ աշխատել է մինչև 1955 թվականը: 1955-1967 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների պետական անսամբլի մենակատար:
Գյուլզադյանը կատարել է հայկական, պարսկական ժողովրդական երգեր, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել գուսան Շերամի երգերը, ինչպիսիք են՝ «Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես»։ Նրա ձայնն առանձնանում էր հատուկ խորությամբ և արտահայտչականությամբ, ինչը Արաքսյա Գյուլզադյանին դարձրել է հայկական ժողովրդական երաժշտության լավագույն կատարողներից մեկը: 1939 և 1965 թվականներին մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստին նվիրված տասնօրյակներին՝ բարձր մակարդակով ներկայացնելով ազգային մշակույթը:
Նրա կարիերայի ամենանշանակալի պահերից մեկը մոռացված հայկական ժողովրդական երգերի վերականգնմանը նրա մասնակցությունն էր։ Գյուլզադյանն, ունենալով բացառիկ երաժշտական հոտառություն, սկսել է հավաքել հին երգերը, ձայնագրել դրանք տարեցներից և պահպանել ապագա սերունդների համար։
Մի օր, հեռավոր հայկական շրջաններից մեկը մեկնելիս, նա տեղացիներից հազվագյուտ ժողովրդական երգ է լսում, որն արդեն մի քանի տասնամյակ չի կատարվել:
Վերադառնալով Երևան՝ նա այս երգը ներառել է իր երգացանկում, և շուտով այն հայտնի է դարռնում ունկնդիրների շրջանում: Նրա ջանքերի շնորհիվ հայկական մոռացված շատ մեղեդիներ երկրորդ կյանք են ստացել և մաս կազմել ազգային երաժշտական ժառանգության։
Արաքսյա Գյուլզադյանը մահացել է 1980թ. հոկտեմբերի 7-ին Երևանում: Նա պարզապես երգչուհի չէր, նա հայ երաժշտական ավանդույթների պահապան էր, մի մարդ, ով կարողացավ փոխանցել ժողովրդական երգերի հարստությունը ապագա սերունդներին