Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով՝ պետական միջոցների օգտագործման ուսումնասիրության համար. Աշոտ Դանիելյան

28 Հունիսի 2026, 23:12

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա են դարձել Արցախի Հանրապետության պետական միջոցների տնօրինման, պետական մարմինների և պետության կողմից ստեղծված կազմակերպությունների գործունեության թափանցիկության վերաբերյալ բարձրացված հարցերը։ Հասարակության հետաքրքրվածությունն այս թեմաների նկատմամբ բնական է և արժանի է հստակ, փաստարկված ու պատասխանատու արձագանքի։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կարևորելով հանրային վստահության ամրապնդումը, հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների ապահովումը, աջակցել է արցախյան հասարակական կազմակերպությունների այն նախաձեռնությանը, որի շրջանակներում իմ կողմից հրամանգրվել է ստեղծել բազմակողմ հանձնաժողով՝ ուսումնասիրելու 2023 թվականի հունվարի 1-ից հետո բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունը, այդ թվում՝ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը։

Հանձնաժողովում ընդգրկված են օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների և հանրային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատանքների առավելագույն օբյեկտիվությունն ու բազմակարծությունը։

Միաժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին շրջանում տարբեր հրապարակումներով և հայտարարություններով փորձեր են կատարվում առանց փաստական հիմքերի կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունն ու ֆինանսական միջոցների օգտագործումը։ Յուրաքանչյուր հարց պետք է ստանա հիմնավորված և փաստական գնահատական՝ բացառապես ուսումնասիրության արդյունքների հիման վրա, այլ ոչ թե ենթադրությունների կամ չստուգված տեղեկությունների տարածման միջոցով։

Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը՝ պարբերաբար հանրությանը ներկայացնելով կատարված աշխատանքի և ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։

Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն, նպաստել առողջ հանրային քննարկումների ձևավորմանը և ձեռնպահ մնալ այնպիսի գնահատականներից, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հեղինակությանը՝ մինչև համապատասխան ուսումնասիրությունների ավարտը։

Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ոչ թե փոխադարձ մեղադրանքների մթնոլորտի խորացումը, այլ ճշմարտության բացահայտումը, հանրային վստահության վերականգնումը և պետական ինստիտուտների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը»։