Աստղային համակարգերի դինամիկան և երկնային մեխանիկան․ Թադևոս Աղեկյան

12 Մայիսի 2026, 23:55

Հայեր

Թադևոս Աղեկյանը ծնվել է 1913 թվականի մայիսի 12-ին Բաթումում՝ հայ ընտանիքում։ 1938 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետը, որից հետո դասավանդել է միջնակարգ դպրոցում և Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում։ Զուգահեռաբար սովոորել է արասպիրանտուրայում և ուսանել XX դարի խոշորագույն աստղագետներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես Աղեկյանը զորակոչվել է բանակ և ծառայել զենիթահրետանային գնդի շտաբի պետ՝ կապիտանի կոչմամբ։ Ռազմական ծառայության ընթացքում պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով և մեդալներով։ 1946 թվականին զորացրվելուց հետո վերադարձել է Լենինգրադի համալսարան, որտեղ իր կյանքը կապել է Աստղագիտական աստղադիտարանի հետ։ 1947 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1958 թվականին դարձել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր։ 1961 թվականից եղել է պրոֆեսոր։

Աղեկյանի գիտական հետաքրքրությունները ընդգրկում էին բազմաթիվ ոլորտներ՝ գալակտիկական աստղագիտություն, երկնային մեխանիկա, աստղային համակարգերի դինամիկա, պատահական գործընթացների տեսություն։ Նա մշակել է աստղերի շարժման ուսումնասիրման մեթոդներ ռոտացիոն-սիմետրիկ պոտենցիալներում, նախաձեռնել է եռակի համակարգերի և գալակտիկաների դինամիկայի ուսումնասիրություններ Մոնտե Կառլոյի մեթոդով, ինչպես նաև նշանակալի ներդրում ունեցել բախումների ինտեգրալի տեսության մեջ։ Գիտնականը հետազոտել է նաև դիֆուզ նյութի ազդեցությունը աստղային համակարգերի էվոլյուցիայի վրա և ցույց տվել, թե ինչ դեր ունեն տաք հսկա աստղերի ու միջաստղային միջավայրի փոխազդեցությունները աստղային պոպուլյացիաների արագությունների փոփոխության գործում։

Գիտական գործունեությանը զուգահեռ Աղեկյանը նաև նշանավոր մանկավարժ էր։ Նա դասախոսություններ է կարդացել Լենինգրադի (հետագայում՝ Սանկտ Պետերբուրգի) համալսարանում, ինչպես նաև Պետրոզավոդսկի և Մելբուռնի համալսարաններում։ Նրա ղեկավարությամբ ձևավորվել է աստղագետների մի ամբողջ սերունդ, որոնց թվում էին Վ. Վ. Օռլովը և այլ հայտնի հետազոտողներ։ 1999 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի կոչում, իսկ Սանկտ Պետերբուրգի համալսարանը նրան արժանացրել է պատվավոր պրոֆեսորի կոչման։

Աղեկյանը երկար կյանք է ապրել՝ մինչև կյանքի վերջին տարիները մնալով ակտիվ գիտնական և նվիրված ուսուցիչ։ Նա մահացել է 2006 թվականի հունվարի 16-ին Սանկտ Պետերբուրգում և հուղարկավորվել Պուլկովոյի գերեզմանատանը։ Նրա թողած ժառանգությունը ոչ միայն հարյուրավոր գիտական հրապարակումներն են, այլև գիտական մի ամբողջ դպրոց, որը մինչ օրս շարունակում է զարգանալ աստղային համակարգերի դինամիկայի ոլորտում։

Թադևոս Աղեկյանը գիտնականի օրինակ էր, ով կարողացավ միավորել ռազմական խիզախությունը, խոր գիտական միտքը և մանկավարժական նվիրումը։ Նրա աշխատությունները երկնային մեխանիկայի և գալակտիկական աստղագիտության բնագավառում դարձել են դասական, իսկ անունը հավերժ մնացել է համաշխարհային գիտության պատմության մեջ։