Այսօրվա «մինչև վերջը» Փաշինյանին հեռացնելն է․ Սամվել Կարապետյան
30 Հունիսի 2026, 23:45
Այսօրվա «մինչև վերջը» Փաշինյանին հեռացնելն է, դրանից հետո կլինեն այլ քայլեր։ Այսօր Սահմանադրական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում, երբ ընդդիմությունն ասում է՝ մինչև վերջ գնալու են։
Հարցին, թե Փաշինյանին հեռացնելիս փողոցային պայքարի դիմելո՞ւ են, Սամվել Կարապետյանն արձագանքեց՝ եթե պահը գնահատեն ու տեսնեն, որ դրա անհրաժեշտությունը կա, այդ քայլին կգնան։
«Այսօրվա դրությամբ այս երկրում միակ փողոցայինը Փաշինյանն է, դրա համար մենք շարժվում ենք օրենքով. դիմել ենք Սահմանադրական դատարան, հիմա սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո կորոշենք մեր հետագա քայլերը»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ եթե նույնիսկ փոքր հույս ունեն, որ իրենց առաջարկած երկու պայմանը ՍԴ-ում կարող է ընդունվել, ի՞նչ կարիք կա նոր քայլեր ձեռնարկելու։
«Հիմա միգուցե Սահմանադրական դատարանը չեղյալ համարի ընտրությունների արդյունքները կամ երկրորդ փուլ նշանակի, դրա համար նոր հարցեր հիմա չենք ուզում քննարկել. ամեն ինչ՝ իր ժամանակին»,- ասել է Կարապետյանը։