Բաքվի բանտում հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչով դաջվածքները․ Սահակյան
04 Սեպտեմբերի 2026, 12:57
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշեց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենն արձանագրվել է նաև միջազգային զեկույցներում։
Սահակյանի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև քաղաքակրթական երկխոսությունն Ադրբեջանի հետ։
Նա անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին Բաքվում պահվող հայ գերիների կրոնական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, որոնք դատապարտում են ու մտահոգություններ են հայտնում։ Օրինակ, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հստակ խոսում է հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ, ԱՄՆ կրոնական հարցերով զբաղվող արտաքին հանձնաժողովը ևս իր տարեկան զեկույցում ուղիղ անդրադարձ է կատարել Բաքվում գտնվող գերիների կրոնական իրավունքների, ազատությունների խախտումների դրվագներին։