«Բեռլին’23» սերիալում մենք հեռուստադիտողին մտածելու հնարավորություն ենք տվել․ Վիկտոր Սողոմոնյան
17 Ապրիլի 2026, 19:48
Alpha Media House-ի հիմնադիր, պրոդյուսեր և սցենարիստ Վիկտոր Սողոմոնյանը, Միխայիլ Վոլոբուևի և դերասան Դմիտրի Ուլյանովի հետ միասին, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում խոսել են «Բեռլին’23» նախագծի ստեղծման գաղափարի մասին, որը դարձել է «Վարշավա’21» սերիալի տրամաբանական շարունակությունը, ինչպես նաև ներկայացրել են առաջիկա ծրագրերը։
«Դեռևս 2016 թվականին ես և իմ ընկերը՝ համապրոդյուսեր Միխայիլ Վոլոբուևը որոշեցինք, որ անարդար է, երբ ժամանակակից պատմության հերոսները մնում են կադրից դուրս։ Զինվորականների և քաղաքական գործիչների մասին հաճախ ֆիլմեր են նկարահանվում, իսկ դիվանագետները մնում են ստվերում։ Նրանց մասին ֆիլմերը կարելի է մատների վրա հաշվել, իսկ ժամանակակիցների մասին գրեթե ֆիլմեր չկան։
2018 թվականին «НТВ» հեռուստաընկերության հետ միասին ստեղծեցինք «Դեսպանություն» ֆիլմը, որը մեծ արձագանք ունեցավ։ Պարզ դարձավ, որ այս ժանրը պահանջված է։ Արդեն այդ ժամանակ մտածեցինք «Վարշավա’21» ֆիլմի մասին»,- նշել է Սողոմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են որոշել շարունակել «Վարշավա’21»-ը և կրկին կենտրոնանալ դիվանագետ Վասիլևի կերպարի վրա։
Պրոդյուսերի խոսքով՝ իրենց գլխավոր հերոսը մեծ քաղաքականությունն է, որտեղ խաղադրույքները չափազանց բարձր են։
«Այո՛, երբեմն հարկ է լինում մանևրել։ Ստիպված ես լինում ասել ոչ այն, ինչ մտածում ես, ստիպված ես գործել ոչ այնպես, ինչպես կուզենայիր։ Եւ մեր բոլոր կերպարներն էլ հենց այդպիսին են։ Մեր ֆիլմում բացարձակ չար կերպարներ չկան»,- ընդգծել է նա։
Վիկտոր Սողոմոնյանը հավելել է, որ ուրախ է նման հայրենասիրական ֆիլմի ստեղծման համար՝ նշելով, որ իրենց աշխատանքը հանդիսատեսին մտածելու առիթ է տվել։ Նա նաև բացել է գաղտնիքը՝ պատմելով նոր նախագծի՝ ֆիլմի երրորդ եթերաշրջանի մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց նկարահանել ֆիլմ՝ բառի լավագույն իմաստով հայրենասիրական կինո։ Այսօր նման գործերը քիչ են, իսկ դրանք հատկապես կարևոր են մեր երկրի կյանքի այս փուլում, երբ Ռուսաստանը ձևավորում է նոր աշխարհակարգ։ Այո՛, ունենք լուրջ հակամարտություն Եվրոպայի հետ, կան բազմաթիվ ոչ բարեկամ երկրներ, բայց վստահ եմ՝ մենք կհաղթենք՝ բառի տարբեր իմաստներով, և ամեն ինչ լավ կլինի։ Սակայն այս պատմական շրջանը կմնա կարևոր, և անհրաժեշտ է դրա մասին ֆիլմեր նկարահանել։
Բացեմ մի գաղտնիք․ ես, Միշան և մեր սցենարիստ գործընկերներն արդեն աշխատում ենք Վյաչեսլավ Վասիլևի մասին ֆիլմաշարի երրորդ եթերաշրջանի վրա, որը կկոչվի «Ստամբուլ’25» անվանումը։ Վստահ եմ՝ որքան շատ լինեն նման հերոսներ, ինչպիսին է ռուս դիվանագետ Վյաչեսլավ Վասիլևը, այնքան ավելի շատ դրական օրինակներ կլինեն այն երիտասարդների համար, որոնք այսօր սովորում են Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ Ժամանակին ամբողջ մի սերունդ էր կողմնորոշվում Շտիրլիցի կերպարով՝ ընտրելով հատուկ ծառայություններն ու դիվանագիտությունը։ Հուսով եմ՝ նոր սերնդի մի մասի համար Վյաչեսլավ Վասիլևը նույնպես կդառնա նման օրինակ»,- եզրափակել է Վիկտոր Սողոմոնյանը։