Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն արժանացել է «Սպիտակ փիղ» մրցանակի
ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանն արժանացել է Կինոգետների, կինոքննադատների և կինոլրագրողների ազգային «Սպիտակ փիղ» մրցանակի։ Դերասանուհին ստացել է մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ ռեժիսոր Ռաուլ Գեյդարովի «Սիդնի Լյումետի ծննդյան օրը» ֆիլմում մարմնավորած դերի համար։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Մերիդիան» մշակութային կենտրոնում։ Մրցանակը դերասանուհուն հանձնել են փորձագիտական խորհրդի ներկայացուցիչներ Նինա Ռոմոդանովսկայան և Վյաչեսլավ Շմիրովը։
Հարցազրույցում Ջուլիետա Ստեփանյանը կիսվել է նկարահանումների մասին իր տպավորություններով, խոսել ռեժիսորի աշխատանքի մեթոդի, էկրանային թոռան նկատմամբ առանձնահատուկ կապվածության մասին և նշել, թե ինչն է իրեն օգնում նույնիսկ 75 տարեկանում աշխատել առանց հանգստյան օրերի։
«Բոլոր դերերս խաղում եմ սրտով՝ փորձելով վերամարմնավորել և զգալ իմ հերոսուհուն։ Հենց այդ պատճառով ինձ համար հատկապես հաճելի է, որ իմ աշխատանքը գնահատվել է»,- նշել է դերասանուհին։