Ձախ Հարութ. մի քանի սերունդների երգիչը
01 Հուլիսի 2025, 22:00

Հարություն Փամբուկչյանը, ով առավել հայտնի է Ձախ Հարութ անունով, մի անհատականություն է, առանց որի անհնար է պատկերացնել վերջին տասնամյակների հայկական երաժշտական բեմը։
Ձախ Հարութը ծնվել է 1950թ. հուլիսի 1-ին Երևանում։ Դեռ պատանեկության տարիներին հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ՝ սովորելով նվագել կիթառ, բուզուկի, սազ, դհոլ և նույնիսկ դաշնամուր: Նրա բեմական անունը՝ «Ձախ», կապված է այն հանգամանքի հետ, որ նա կիթառը նվագում էր ձախ ձեռքով, ինչը դարձավ նրա ճանաչողական առանձնահատկությունը։
1970-ական թվականներին Փամբուկչյանը ստեղծել է «Էրեբունի» երաժշտական խումբը, որը որը կատարում էր ամեն ինչ՝ սկսած հայկական ժողովրդական երգերից մինչև Ազնավուրի, Փրեսլիի ու Deep Purple-ի ստեղծագործությունները։ Սակայն 1975 թվականին, բախվելով քաղաքական ճնշումների և ստեղծագործական սահմանափակումների, նա արտագաղթում է ԽՍՀՄ-ից՝ սկզբում տեղափոխվելով Լիբանան, ապա՝ ԱՄՆ։ Նա բնակություն է հաստատում Կալիֆորնիայում։
Հարութը դարձել է հայկական Սփյուռքի ձայնը։ Նրա երգերը՝ պարային, հայրենասիրական, հեղափոխական, հնչում էին հարսանիքներում, հանրահավաքներում, տներում և մարզադաշտերում։ Նա ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ, այդ թվում՝ «Ուր էիր Աստված», «Հայի աչքեր», «Բարի տարեդարձ», «Երգը նաև աղոթք է»: Իսկ Արթուր Մեսչյանի երգերի կատարումը, հատկապես «Ռեքվիեմ» ալբոմից, պաշտամունքային է դարձել:
Հարութը առանձնահատուկ ճանաչում է ձեռք բերել 1980-ականների վերջին, երբ ելույթ է ունեցել Երևանի «Հրազդան» մարզադաշտում՝ հավաքելով տասնյակ հազարավոր հանդիսատեսի։ Նրա երաժշտությունը դարձել է ազգային զարթոնքի և մշակութային ինքնության խորհրդանիշ: 2015թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման:
Հետաքրքիր փաստ. չնայած արտագաղթին, Փամբուկչյանը ակտիվորեն մասնակցել է հայ համայնքի կյանքին, զբաղվել բարեգործությամբ և մշակութային կամուրջ է դարձել Հայաստանի և Սփյուռքի միջև: Նրա ձայնը պարզապես երաժշտություն չէ, այլ մի ամբողջ սերնդի հուզական կոդ: