ԵՄ-ի՝ Կապանում գրասենյակի ստեղծումը պատասխան էր ռուսական հյուպատոսության բացման մասին հայտարարությանը. քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը կարծում է, որ Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կողմից Հայաստանում երեք նոր օպերատիվ կենտրոնների ստեղծումը պայմանավորված է մի քանի հանգամանքով:

«Առաջին՝ Կապանում ԵՄ քաղաքացիական առաքելության կողմից օպերատիվ կենտրոնի տեղծումն ուղիղ պատասխան Էր այն հայտարարությանը, թե Ռուսաստանը հյուպատոսություն է բացելու Սյունիքում: Երկրորդ՝ ոչ միայն ես, այլեւ բազմաթիվ փորձագետներ վաղուց ասում էինք, որ Հայաստանը վերածվում է աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմի եւ այդ կենտրոնների ստեղծումը դրա դրսեւորումներից ընդամենը մեկն է:

Երրորդ՝ Եվրամիության դեսպանները Հայաստանում են մի քանի նպատակով. ոչ միայն հետեւել ռուսական եւ իրանական զորքի տեղաշարժմանը, այլ որպեսզի ապահովեն ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստանի այն տարածքներ, որտեղ իրենք Սովետական միության տարիներին ապրել են եւ այս կենտրոնների բացումը խոսում է այն մասին, որ ուշադրության կենտրոնում են լինելու այն հատվածները, որտեղ ստեղծվել են այդ կենտրոնները»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Բենիամին Մաթեւոսյանը:

Քաղաքագետը հիշեցնելով ադրբեջանցիների հետ ապրիլին Տեղ գյուղում գրանցված միջադեպը, նկատեց՝ ԵՄ քաղաքացիական առաքելության կողմից Ադրբեջանին զսպելու գործնական դրսեւորում չեղավ, մինչդեռ հայտարարվել է, որ ԵՄ-ն առաքելություն է իրականացնում սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացման նպատակով:

«Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պետք է կիրառվեին, բայց դա տեղի չունեցավ»,- ասաց Բենիամին Մաթեւոսյանը:

Հիշեցնենք՝ ԵՄ դիտորդները դեպքի վայրում չէին եղել, երբ 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղի տարածքում ադրբեջանցիները կրակել էին հայ զինծառայողների ուղղությամբ:

Քաղաքագետը համոզված է՝ Հայաստանում առաջիկայում բացվող ԵՄ նոր օպերատիվ շտաբները կրկին չեն զսպելու ադրբեջանական հնարավոր սադրանքները:

«Մենք պետք է հասկանանք, որ մեր պատկերացումները, թե ինչի համար են ԵՄ դիտորդները Հայաստանում, խիստ տարբերվում են նրանից, թե ինչ պատկերացում ունի դրա մասին ԵՄ-ն: ԵՄ-ն այստեղ է գտնվում այլ նպատակներով: Ամենայն հավանականությամբ Եղեգնաձորում գործող կենտրոնը բավականին էֆեկտիվ աշխատել է, եւ հիմա իրենք ընդլայնվում են: Ամեն ինչ շատ տրամաբանական է:

Հայկական մամուլում գրվել էր չէ՞, որ ԵՄ դիտորդները հարցումներով են զբաղված, օրինակ՝ մարդիկ պատրա՞ստ են ադրբեջանցիների հետ համակեցությանը, ինչպե՞ս կվարվեն, եթե պատերազմ լինի, պատկերացնո՞ւմ են ադրբեջանցիների հետ տնտեսական փոխգործակցությունը: Սա նշանակում է, որ Եղեգնաձորում գործող ԵՄ օպերատիվ շտաբը էֆեկտիվ աշխատել է եւ հիմա էլ որոշել են ընդլայնվել»,- ընդգծեց Բենիամին Մաթեւոսյանը: