Երգահան, մանկավարժ, կամավոր․ Գուսան Հայկազուն

20 Ապրիլի 2026, 22:00

Հայեր

Գուսան Հայկազունն (իսկական անունը՝ Գագիկ Ստեփանի Նազարյան) դարձել է ժամանակակից հայ մշակույթի ակնառու ներկայացուցիչներից մեկը։ Նա հայտնի է իր հայրենասիրական և քնարական ստեղծագործություններով, ինչպես նաև «Հայկազունք» համույթի հիմնադրմամբ։

Երգահանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 20-ին՝ Արտաշատում, բազմազավակ ընտանիքում։ Նրա արմատները գալիս են Խոյ քաղաքից։ Վաղ տարիքում նա կորցրել է հորը, և նրանից մնացած միակ իրը որսորդական հրացանն էր որ նա պահել է որպես թանկ հիշողություն։

Գագիկ Նազարյանը մանկությունց հետաքրքրված էր երաժշտությամբ, արդեն դպրոցական տարիներից սկսել է գրել իր առաջին երգերը՝ հայրենասիրական և սիրային թեմաներով։ Նրա ստեղծագործական ուղու ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել ուսուցիչ Ռաֆիկ Հարությունյանը, որը ոգեշնչել է երիտասարդ հեղինակին ստեղծել հայրենիքին և ժողովրդին նվիրված ստեղծագործություններ։

1988 թվականից Հայկազունն ակտիվորեն հանդես է գալիս որպես երգահան և կատարող։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում անկեղծությամբ և ազգային ոգով։ Նա դարձել է «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավարը, որը միավորել է երաժիշտների և երգիչների՝ նույն գաղափարներով և հայկական երաժշտական ավանդույթները պահպանելու ձգտումով։

Հայկազունը չի սահմանափակվել միայն երաժշտությամբ․ նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաև հասարակական կյանքում՝ լինելով «Երկրապահ կամավորական միության» անդամ, ինչը ընդգծում է նրա հայրենասիրական դիրքորոշումն ու պատրաստակամությունը ծառայելու իր երկրին ոչ միայն արվեստով, այլև գործով։ Նրա երգերում հնչում են հայրենիքի հանդեպ սիրո, նախնիների հիշատակի, արդարության համար պայքարի և մարդկային արժանապատվության թեմաները։

Նա մասնակցել է Արցախյան պատերազմին։ Մարտական գործողությունները սկսել է Երասխ գյուղից, եղել է նաև Գետաշենում, Կապանում, Գորիսում, Բերձորում։ Մի շարք երգեր գրել է հենց մարտի դաշտում։

2010 թվականին նրան շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում՝ ազգային մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Տասնամյակների ստեղծագործական գործունեությունից հետո էլ Գուսան Հայկազունը շարունակում է մնալ պահանջված երաժիշտ։ Նրա երգերը հնչում են համերգներին, հասարակական միջոցառումներին և մարդկանց սրտերում՝ հիշեցնելով, որ երաժշտությունը կարող է լինել ոչ միայն արվեստ, այլև հոգևոր պայքարի զենք։