Երկիրը պետք է ազատել սրիկաներից. Ռոբերտ Քոչարյան

29 Մայիսի 2026, 19:45

Քաղաքականություն

1997 թվականին ես Ղարաբաղի նախագահն էի, իսկ ՀՀ-ում վիճակը շատ վատ էր և ինձ խնդրեցին, դիմեցին և համոզեցին, որ զբաղեցնեմ ՀՀ վարչապետի պաշտոնը։ Համաձայնվեցի և պատվով կատարեցի աշխատանքս։ 10 տարի Հայաստանը եղել է անվտանգ, իսկ տնտեսությունը զարգանում էր արագ տեմպերով։ Այս մասին Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«10 տարի հետո հեռացա՝ համոզված լինելով, որ Արցախն անվտանգ ձեռքերում է։ Մտածելով, որ այլևս ազատ մարդ եմ՝ դուրս եկա քաղաքականությունից և մտքովս անգամ չէր անցնում, որ կարող եմ կրկին վերադառնալ»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Նրա խոսքով՝ եկավ 2018 թվականը, և անհնար էր մի կողմ քաշվել, չզգալ ու չնկատել, որ այս ամենը տանելու է մեծ ողբերգության։

«Ներկայիս իշխանությունները քարուքադ են արել մեր բոլոր ձեռքբերումները։ Հիմա ինձ չեն համոզում, որ գամ իշխանության։ Ես եմ ձեզ համոզում՝ տվե՛ք այդ լիազորությունները, այդ հնարավորությունը՝ երկրորդ անգամ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը մնա հայկական՝ հայերի համար։ Երկիրը պետք է ազատել սրիկաներից»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարանը։