Եվրամիությունը «դուրս է մղում» Հայաստանից Ռուս ուղղափառ եկեղեցին․ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
03 Հունիսի 2026, 12:57
Եվրամիության ղեկավարությունը, ըստ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ), ակտիվորեն փորձում է Հայաստանից դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցին՝ Երևանի առաջ դնելով Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը լիովին խզելու պահանջ։ Այս մասին ասվում է ծառայության մամուլի բյուրոյի տարածած հաղորդագրությունում։
«Եվրոանտիխրիստները թիրախավորել են Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանում։ ԱՀԾ-ին հասնող տեղեկությունների համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից Ռուս ուղղափառ եկեղեցու դուրսմղմանը։ Եվրաինտեգրման պարտադիր պայմաններից մեկը հայկական իշխանությունների առաջ ներկայացվում է որպես Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական-հոգևոր կապերի ամբողջական խզում», — նշվում է հաղորդագրության մեջ։
Ծառայության տվյալներով՝ այս քաղաքական-գաղափարական խնդրի շրջանակում Հայաստանում գործող Եվրամիության գործընկերային առաքելությունը «հարձակում է իրականացնում ռուսական ուղղափառության դեմ»։
ԱՀԾ-ի պնդմամբ՝ եվրոպական կառույցները փորձում են զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու Երևան-Հայկական թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև խոչընդոտել դրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ԵՄ-ն, ըստ ԱՀԾ-ի, իր մոտեցումը ցուցադրել է՝ «կոպիտ հարձակում» կազմակերպելով Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Սուրբ Միքայել Հրեշտակապետ մատուռ-եկեղեցու հոգևոր հովիվ, Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Տիմոֆեյ Ղազարյանի դեմ։