Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին՝ Երևանում

13 Հոկտեմբերի 2024, 16:45

Մշակույթ

Գալուստ Գյուլբենկյանը (1869 — 1955թթ.) ծնվել է Կոստանդնուպոլսում, մեծահարուստ Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում, ով Օսմանյան կայսրություն նավթ ներմուծող էր, ինչպես նաև Բաքվի մի քանի հանքավայրերի սեփականատեր և «Մանթաշև և Կո» ընկերության ներկայացուցիչ:
Գալուստը նախնական կրթությունը ստացել է հայկական դպրոցում և Ֆրանսիայի Սեն Ժոզեֆ դպրոցում։ Կրթություն ստանալու լավ հեռանկարներ ունենալով՝ նա սկսել է նավթարդյունաբերություն սովորել Լոնդոնի Քինգս քոլեջում, որն ավարտելուց հետո ստացել է նավթային ինժեների դիպլոմ։ Այնուհետև նա ուղևորվել է Բաքու, որտեղ ուսումնասիրել է տեղի նավթարդյունաբերությունը և հրապարակել ուսումնասիրություն Ապշերոն թերակղզում նավթահանքերի մշակման և շահագործման պատմության վերաբերյալ: 1907 թվականին Գյուլբենկյանը բանակցություններ է սկսել իր ժամանակի մեծահարուստների և խոշոր ընկերությունների հետ՝ մասնակցելով «Royal Dutch Petroleum Company» և «Shell Transport and Trading Company Ltd»-ի միաձուլմանը։ Նավթային ընկերությունների բաժնետոմսերի հինգ տոկոսը պահելու քաղաքականության արդյունքում նրան տրվել է «Պարոն 5 %» մականունը:

Գալուստ Գյուլբենկյանն ուներ յուրահատուկ և էսթետիկ ճաշակ։ 1930 թվականին նա Էրմիտաժի հավաքածուից ձեռք է բերել մի շարք գլուխգործոցներ, որոնք այլ անգին ցուցանմուշների հետ միասին մինչ օրս գտնվում են Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան թանգարանում»։

Նա հայտնի է նաև որպես բարերար. 1922 թվականին իր ծնողների հիշատակին Լոնդոնում կառուցել է Սուրբ Մինաս հայկական եկեղեցին, 400 000 դոլար հատկացրել է Էջմիածնի վանքի վերականգնման համար, աջակցել է Երևանի ծայրամասերում նոր շրջանների կառուցմանը: Նրա օգնությամբ և նվիրատվություններով կառուցվել և բացվել են հայկական դպրոցներ և հիվանդանոցներ Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Հորդանանի հայաբնակ շրջաններում, կառուցվել են հայկական եկեղեցիներ Միջին Արևելքում, Իրաքում և Լիբանանում:

2014 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկի հարակից այգում տեղադրվել է Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Գարեգին Դավթյանն է:

Երևան, Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկ