Համայնքների թվի կրճատումը չի հանգեցրել փոփոխությունների․ Դավիթ Ղազինյան

14 Օգոստոսի 2026, 16:45

Քաղաքականություն

2011 թվականից ի վեր համայնքների թիվը 919-ից կրճատվել է մինչև 70-ի, սակայն վարչատարածքային փոփոխություններին համահունչ բովանդակային դրական տեղաշարժ չի գրանցվել։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանը։

Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին՝ պատգամավորը նշել է, որ դրա նպատակը պարզապես թվի կրճատումը չէր, այլ կառավարչական կարողությունների մեծացումը, ֆինանսական միջոցների ապակենտրոնացումը և հանրային ծառայությունների որակի բարձրացումը։

«Կենտրոնական իշխանության լծակների ընդլայնումը, այդ թվում՝ վարչապետի կողմից համայնքի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը, լուրջ հարցեր է առաջացնում տեղական ինքնավարության և ժողովրդավարության լեգիտիմության տեսանկյունից»,- ընդգծել է Ղազինյանն՝ առաջարկելով չեղարկել այդ մեխանիզմն ու ընտրված համայնքապետերի հեռացման դեպքում նշանակել նոր ընտրություններ։