Հանրությունը պիտի իմանա՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահը․ Դավիթ Մնացականյան
07 Փետրվարի 2025, 23:30
«Up For Armenia» հասարակական կազմակերպության հիմնադիր Դավիթ Մնացականյանն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-ին մեկնել էր ԱՄՆ, որի շրջանակներում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ:
«Ասեկոսեներ կան, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄն պաշտոնատար անձանց հետ փորձել է հանդիպումներ ունենալ։ Դժվարությամբ իրականացվել է մի քանի հանդիպում։ Կարևոր է, որ հայ համայնքի հետ հանդիպումն ավելի լուրջ ու բաց լիներ հանրության համար, բայց գիտեմ, որ եղել է փակ, միայն հրավերով։
Իմ կապը կա Վաշինգտոնի հետ, բայց հանդիպմանը ներկա են եղել ինձ համար անծանոթ մարդիկ։ Երկար տարիներ Վաշինգտոնում եմ ապրել, բայց նրանցից ոչ մեկին չէի ճանաչում։ Գուցե տարբեր համայնքներից բերված մարդիկ էին»,- նկատել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ եթե պետբյուջեից գումար է ծախսվում պաշտոնական այցի համար, ապա պիտի դա որևէ արդյունք տա այդ երկրին։
«Ինձ համար Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ փոխնախագահի լուսանկարն այդքան կարևոր չէ, ինչքան այն, որ մենք իմանանք՝ ինչ քննարկումներ են տեղի ունեցել ու այդ ստացած գումարներն ինչ ազդեցություն ու արդյունավետություն ունեն մեր երկրի վրա։ Առավել ևս, երբ մեր երկիրը շատ վտանգավոր իրավիճակում է հայտնվել, երկրի սահմաններն այս պահի դրությամբ կայուն չեն, վտանգն առկա է և գալ, ուղղակի հանդիպել, ճիշտ չէ։ Հանրությունը պիտի իմանա այդ հանդիպման բնույթը ու այն, թե ինչեր են քննարկել կողմերը»,- ընդգծել է Դավիթ Մնացականյանը։