ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղի խնդրին. դա Երևանի հարցն է, ոչ թե Մոսկվայի․ Մարիա Զախարովա

27 Հուլիսի 2026, 22:45

Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող ներգրավվել Ղարաբաղի շուրջ հակամարտությանը, քանի որ Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչում ո՛չ որպես իր մաս, ո՛չ էլ որպես անկախ պետություն։ Նրա խոսքով՝ Երևանը փորձել է գործարկել կազմակերպության մեխանիզմները, սակայն դրա համար իրավական հիմքեր չեն եղել։

Զախարովան ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել։

«Հայաստանի հետ կար պատմություն, որը, կարծես, ասում էր՝ «Եկեք գործարկենք ՀԱՊԿ-ի մեխանիզմները»։ Բայց, ըստ էության, ո՞ւմ և ինչի՞ վերաբերյալ։ Այն տարածքի՞, Լեռնային Ղարաբաղի, որը հենց Հայաստանը՝ ցավոք թե բարեբախտաբար, դա իմ գնահատելու հարցը չէ, այլ Երևանի, չէր ճանաչում ոչ իր տարածք, ոչ էլ անկախ պետություն»,- «Գվարդեյսկ» երիտասարդական համաժողովում հայտարարել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերին Արցախի հայերը հռչակել են չճանաչված հանրապետություն, որը տասնամյակներ շարունակ գոյություն է ունեցել առանց միջազգային ճանաչման, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին լայնածավալ զինված հակամարտությունը տեղի է ունեցել 1992–1994 թվականներին։

2020 թվականի սեպտեմբերին ռազմական գործողությունները վերսկսվել են և Մոսկվայի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը, ինչից հետո տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել՝ հայտարարելով, որ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Դրանից հետո Արցախի փաստացի իշխանությունները հայտարարել են ինքնալուծարման մասին՝ ուժի մեջ մտնող 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ ավելի քան 100 հազար արցախահայեր լքել են հայրենիքը և տեղափոխվել Հայաստան։

Հիմա եթերում