Մենք չենք հաջողի Հարավային Կովկասում, եթե երեք հանրապետությունները չմտածեն միավորող գործոնների մասին․ Ցոփուրաշվիլի
07 Մայիսի 2026, 11:50
Վրաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, տնտեսագիտության դոկտոր Գոչա Ցոփուրաշվիլին Alpha Media Center-ում անցկացված «Ինչպե՞ս պահպանել սուբյեկտայնությունը նոր միջանցքների դարաշրջանում» թեմայով մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է իր զեկույցը՝ «Լոգիստիկա և տրանսպորտային հաղորդակցություններ Հարավային Կովկասում. միավորող գործո՞ն, թե՞ կռվախնձոր» թեմայով։
Նրա խոսքով՝ այսպես կոչված Միջին միջանցքը, որը գտնվում է տարածաշրջանում, դարձել է միջազգային առումով գրավիչ թեմա։
«Մենք չենք հաջողի Հարավային Կովկասում, եթե մենք՝ երեք հանրապետությունները, չմտածենք միավորող գործոնների մասին։ Այսինքն՝ պետք է ստեղծենք տնտեսական հարթակ, որտեղ բոլորս միասին կզարգանանք։ Այս իրավիճակում մենք մրցակիցներ չենք։ Մենք պետք է ստեղծենք շատ մեծ տարածք՝ մոտ 20 միլիոն բնակչությամբ, որը կունենա այնպիսի ինստիտուցիոնալ օրենքներ, կարգեր և հնարավորություններ, որոնք գրավիչ կլինեն», — ասել է նա։
Ցոփուրաշվիլիի խոսքով՝ Կովկասի թեման աշխարհագրական դիրքի պատճառով հետաքրքիր է բոլոր երկրների համար։
«Մենք պետք է վեր կանգնենք մեր կոնկրետ ազգային շահերից և ընդառաջ գնանք միմյանց»,- նշել է նա՝ հավելելով, որ չնայած Վրաստանն ու Հայաստանը սերտ կապեր ունեն, սակայն չունեն այնպիսի տնտեսական նախագծեր, ինչպիսիք Ադրբեջանի հետ են։