Հայագիտությունը վերադառնում է ՌԴ ակադեմիական տարածք. ՄՊՀ-ում վերսկսվել է հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսուցումը

25 Մայիսի 2025, 21:25

Կրթություն

Մայիսի 23-ին Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի նստավայրում տեղի է ունեցել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանի հանդիպումը Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովի հետ։ Քննարկման գլխավոր թեման եղել է հայագիտության վերածնունդը Ռուսաստանի առաջատար բուհերից մեկում:

Ալեքսեյ Մասլովը հայտնել է, որ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ամբիոնի բազայում նոր ուսումնական տարվանից պաշտոնապես կվերսկսվի հայագիտության ծրագիրը:

«Ժամանակին ամբիոնում կար հայագիտություն առարկան, բայց օբյեկտիվ պատճառներով այն զարգացում չունեցավ։ Այժմ մենք վերադառնում ենք այդ ուղղությանը, ընդ որում, համալիր կերպով, այսինքն՝ ուսումնասիրում ենք ժամանակակից հայոց լեզուն, գրաբարը, Հայաստանի ավանդական և ժամանակակից մշակույթը, քաղաքականությունն ու տնտեսությունը»,- պատմել է Մասլովը։