Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում

10 Սեպտեմբերի 2026, 14:35

Կրթություն

Հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունը:

Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

OECD-ի վերջին հետազոտությանը մասնակցել է 91 երկրի 760,000 15-ամյա աշակերտ․ մասնագետները եզրակացրել են՝ ողջ աշխարհում վիճակը առանձնապես լավ չէ:

OECD-ի թեստը համարվում է կրթական առաջադիմության աշխարհի առաջատար չափանիշներից մեկը, և դրա արդյունքները մանրամասն ուսումնասիրվում են կառավարությունների և կրթության ոլորտի մասնագետների կողմից։

Հայաստանը անցած տարի է առաջին անգամ մասնակցել Սովորողների միջազգային գնահատման այդ ծրագրին (PISA):

Ըստ այս ուսումնասիրության՝ կրթական առաջադիմության տեսանկյունից աշխարհում առաջատարը Արևելյան Ասիայի երկրներն են՝ թեստին մասնակցած չինական քաղաքները, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը։

Լավագույն տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան և Էստոնիան՝ ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ցուցանիշներով։

Միջինից ցածր միավորներ ստացած հայ աշակերտները

Հայ աշակերտները մաթեմատիկայից, ընթերցանությունից և բնագիտական թեստերից ստացել են մասնակից 91 երկրի գրանցած միջինից ցածր միավորներ: Հայաստանն իր ցուցանիշներով զիջում է ցանկում ընդգրկված տարածաշրջանային բոլոր երկրներին՝ Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին:

Հայաստանը զիջում է նաև Ուզբեկստանին, Մոլդովային, Ռումինիային, Ղազախստանին, իսկ հետսովետական երկրներից առաջ է միայն Ղրղզստանից:

Հայաստանում աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից: Գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ ընթերցանության մեջ ցույց չի տվել գիտելիքներ, որոնք վկայում են, որ նա կարող է հասկանալ երկար տեքստեր, գործ ունենալ վերացական կամ հակասական հասկացությունների հետ և տարբերակել փաստը կարծիքից:

Այս թեստում բազայինից բարձր գնահատականներ ստացած հայ աշակերտները մասնակից երկրների միջինից ավելի քան 2 անգամ վատ ցուցանիշ ունեն:

Բնագիտական առարկաներում հայ աշակերտները միջինում 28%-անոց ցուցանիշ են գրանցել, այն դեպքում,երբ OECD-ի միջինը 74% է: Մաթեմատիկայում ևս 28%-անոց ցուցանիշ է, աշխարհի միջինը՝ 65%-ն է:

Ամենացածրը ընթերցանության տվյալներն են. բազայինից բարձր գնահատական ստացած հայ աշակերտները 19%-անոց արդյունք ունեն, OECD-ի միջինն, այնինչ, 67%-ն է: Լավագույն ցուցանիշներն այստեղ Չինաստանն ունի՝ 93-97%:

Հիմա եթերում