Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
12 Հոկտեմբերի 2026, 19:17
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատի հետ»։ Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից:
Հաղորդագրությունում նշված է․
«Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ընդգծվել է Եգիպտոսի աջակցությունը խաղաղության օրակարգին:
Անդրադառնալով բազմակողմ հարթակներում առկա հարցերին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ քննարկվող հարցերի դինամիկան և բովանդակությունը պետք է համապատասխանի և աջակցի խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին:
Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով»: