Հայաստանին եվրաինտեգրումը բացարձակապես պետք չէ, ավելին՝ հակացուցված է. Ալեքսանդր Սեմչենկո
29 Ապրիլի 2025, 12:30
Քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմչենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի եվրաինտեգրումն ու հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը:
«Հայաստանին եվրաինտեգրումը, ճիշտ այնպես, ինչպես իմ հարազատ Ուկրաինային, բացարձակապես անհրաժեշտ չէ, ավելին՝ հակացուցված է։ Ժամանակին ես շփվել եմ Համաշխարհային բանկի նախկին փոխնախագահի հետ, ով շատ հետաքրքիր բաներ էր պատմում տնտեսության մասին, և նա եվրոպական տնտեսությունը համարում էր տրավմատիկ: 2013 թվականն էր, և ես նրան հարցրի, թե այդ դեպքում ինչու է Ուկրաինային պետք եվրաինտեգրումը։ Նա վրդովվեց և ասաց՝ բա ոնց չեք հասկանում, որ այդ թարմ արյունը Եվրոպա է թափվելու, և այն Ուկրաինայի հաշվին զարգանալու է։
Եվրոպան, Եվրոպական միությունը պայմանական մահացող լճացած ծերունի է, նրան պետք է ինչ-որ մեկին խժռել, որպեսզի իրեն պահի: Ուկրաինան նորմալ լափում են, Մոլդովան լափում են, նույնը Մերձբալթյան երկրներում է։ Այսինքն՝ կուլ տվեցին Մերձբալթյան երկրները և Կայա Կալլասի հայրենի շատ պայծառ Էստոնիան։ Եվրոպայի համար միևնույն է, թե ում կխժռի, գլխավորը ռեսուրսներն են, այն էլ մարդկային ռեսուրսները։ Իսկ Հայաստանի շուկան շատ ոչ սննդարար արտադրանք է, Հայաստանը բավականին աղքատ շուկա է գնողունակության առումով։ Բայց, ցավոք, նրանք Հայաստանն էլ են խժռելու։ Ի վերջո, ինչի՞ վրա էր բարձրանում Եվրոպան։ Վերցնենք եվրոպական երկրների պատմությունը. նրանք դարեր շարունակ թալանել են ողջ երկրագունդը և ապրել դրա հաշվին», — նշել է փորձագետը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը, ի վերջո, կվնասի հայաստանցիներին:
«Հիմա Ռուսաստանն այն երկիրն է, որը հակադրվում է Եվրոպային և որը կարող է փրկել Հայաստանը։ Եթե խզենք այդ կապերը, ապա Հայաստանը ոչ մեկի վրա չի կարողանա հենվել, նետվելու է Եվրոպայի գիրկը, քանի որ պարզապես ոչ մեկը չի լինելու, որի վրա կկարողանա հենվել, որովհետև ՀՀ-ն գտնվում է թշնամական միջավայրում։ Իհարկե, ոչ բոլորն են թշնամիներ, վրացիները կարծես թե հայերի թշնամիները չեն, բայց նրանց համար միևնույն է, թե իրականում ինչ կլինի հայերի հետ։ Ուստի Հայաստանն ուղղակի ընտրություն չի ունենա, թե ում վրա հենվել։ Եթե Ռուսաստանին հեռացնեն, Ռուսաստանը գնա, Ռուսաստանը նեղանա, ապա Հայաստանը կփլուզվի։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը, ի վերջո, կվատացնի հայաստանցիների կյանքը։ Շատերի համար դա պարզապես կյանքի ավարտ կլինի: Նայեք Ուկրաինային, սա շատ ցուցադրական օրինակ է, և այստեղ հարցն անգամ այն չէ, որ այնտեղ ռազմական գործողություններ են ընթանում, խնդիրները եղել են 2022 թվականի ռազմական գործողությունների սկսվելուց շատ առաջ։ Ըստ էության, դա հենց Ուկրաինայի աղքատացումն է», — ասել է Սեմչենկոն: