«Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման հազարավոր զինյալներ գրոհել են սիրիական բանակի դիրքերի վրա․ Աբբաս Ջումա

27 Նոյեմբերի 2024, 23:30

Քաղաքականություն

Ինչպես հաղորդում է լրագրող-միջազգայնագետ Աբբաս Ջուման, «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման և, այսպես կոչված, «Սիրիայի ազգային բանակի» հազարավոր զինյալներ գրոհել են սիրիական բանակի դիրքերի վրա Հալեպ քաղաքից արևմուտք։

«Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման ահաբեկիչները Իդլիբ քաղաքի և արվարձանի բոլոր հիվանդանոցներին հրամայել են լիարժեք պատրաստության վիճակում լինել՝ զինյալներին բուժելու համար: Լրագրողն ընդգել է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի աջակցությամբ։

Վկայակոչելով աղբյուրներին՝ Ջուման նշում է, որ սա Անկարայի փորձն է ճնշում գործադրել սիրիական իշխանությունների վրա՝ նպատակ ունենալով Դամասկոսին համոզել բանակցություններ վարել հարաբերությունների կարգավորման շուրջ։

«Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, առանցքային դեր է խաղում Սիրիայի ապակայունացման գործում, և այդ ամենը տեղի է ունենում Ասադի հասցեին Իսրայելի սպառնալիքների ֆոնին։ Հիշեցնեմ, որ Թուրքիան նույնպես օգնել է Իսրայելին՝ Իրանին ռազմական պատասխան պլանավորելու հարցում», — գրել է Աբբաս Ջուման։